12:38 | 30.01.25 | Նորություններ | 1471
ԱՄՆ-ի շուկաները խուճապի մատնվեցին այն ենթադրությունների ֆոնին, որ DeepSeek-ի AI մոդելները կարող են նվազեցնել GPU-ների պահանջարկը, ինչի հետեւանքով Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը նվազեց գրեթե 20%-ով։
Meta-ն, սակայն, չի պատրաստվում նահանջել․ ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ տեխնոլոգիական հսկան «շատ մեծ ներդրումներ» է կատարելու AI-ի մեջ՝ երկարաժամկետ հեռանկարում անգամ «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ» ներդնելով: Այս մասին նա նշել է Meta-ի առաջին եռամսյակի զեկույցի ժամանակ։
Անցած շաբաթ Ցուկերբերգն արդեն հայտարարել էր, որ Meta-ն 2025 թվականին միայն կապիտալ ներդրումների վրա կծախսի ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հիմնականում տվյալների կենտրոնների համար։
DeepSeek-ի ազդեցության վերաբերյալ Ցուկերբերգն ասել է, որ AI ենթակառուցվածքի վրա խոշոր ծախսերը շարունակելու են մնալ Meta-ի «ռազմավարական առավելություններից» մեկը։ Meta-ն DeepSeek-ին նոր մրցակից է համարում եւ սովորում նրանից, սակայն «դեռ շատ վաղ է» ասել, թե արդյոք չիպերի պահանջարկը կդադարի աճել, քանի որ դրանք շարունակում են առանցքային դեր ունենալ AI-ի հաշվարկներում։
«Այս պահին ես կփորձեի կանխատեսել, որ նման ենթակառուցվածքի կառուցման հնարավորությունը մեծ առավելություն է լինելու թե՛ ծառայության որակի, թե՛ մեր ցանկալի մասշտաբի ապահովման տեսանկյունից», - ասել է Ցուկերբերգը։
Ցուկերբերգն ասել է, որ Meta-ի նպատակն է Llama 4-ով այն դարձնել աշխարհի ամենամրցունակ մոդելը, նույնիսկ՝ փակ մոդելների (օրինակ՝ ChatGPT-ի) համեմատ։ Նա ակնկալում է, որ այն կունենա գործակալային (agentic) հնարավորություններ, ինչպես OpenAI-ն ու Anthropic-ը, ինչպես նաեւ բազմամոդալ հնարավորություններ։