17:19 | 21.01.25 | Նորություններ | exclusive 2301

Ucom-ը ներդնում է Cerillion-ի նորարար համակցված հարթակը

Ucom-ը հայտարարել է բրիտանական Cerillion ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։

Cerillion-ը գլոբալ առաջատար է հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն եւ բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։ Նոր համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը: Այն միաժամանակ հաճախորդներին կտրամադրի կայուն եւ անհատականացված փորձառություն՝ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ մեկ ու կես տարի ուսումնասիրություններից հետո համագործակցության համար ընտրել են Cerillion բրիտանական ընկերությանը, վերջնական նպատակն է համոզվել, որ յուրաքանչյուր բաժանորդ վայելում է անհատականացված փորձառություն։

«2023-ին սկսեցինք մեր ցանցերը վերազինելու եւ արդիականացնելու լայնամասշտաբ աշխատանքները։ Այժմ ականատես ենք լինում թվային փոխակերպման եւս մեկ կարեւոր քայլի, որի կորիզում բարձր փիլիսոփայություն է դրված․ անել ամեն ինչ մեր հաճախորդների կամ բաժանորդների համար արտակարգ փորձառություն մատուցելու նպատակով։

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Արհեստական բանականությամբ համակարգվող այս թվային լուծումը կարագացնի նոր պրոդուկտների մշակումը, թույլ կտա հաճախորդների բոլոր գործողությունները միավորել մեկ առանցքային համակարգում՝ Ucom-ի առաջարկները դարձնելով ավելի ճկուն եւ հաճախորդների կարիքներին համապատասխան»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը։

Cerillion-ը գործում է շուրջ 25 տարի, ունի մոտ 80 ինստալացիա 45 երկրում։ Itel․am-ի հետ զրույցում Cerillion-ի գլխավոր տնօրեն Լուի Հոլը խորհրդանշական է համարել Ucom-ի հետ համագործակցությունը՝ որպես կովկասյան տարածաշրջանում իրենց առաջին հեռահաղորդակցության ոլորտի գործընկեր։

Լուի Հոլը Լուի Հոլը
photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


«Սա մի տարածաշրջան է, որը զարգանում է արագ տեմպերով՝ ներմուծելով բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ տարբեր երկրներում եւ ստեղծելով ժամանակակից հեռահաղորդակցական ցանցեր։ Մենք մաս ենք կազմում այն ճանապարհորդության, որով Ucom-ն անցնում է եւ սա, հուսով եմ, կդառնա ֆանտաստիկ օրինակ: Արհեստական բանականության ոլորտում ներմուծվող տեխնոլոգիան մեծ ակտիվություն եւ տնտեսական առաջընթաց կարող է բերել։ Մարտահրավերները շատ են, սրանք բարդ, երկարատեւ նախագծեր են։ Այս հարաբերությունները նման են ամուսնության։ Մենք գտել ենք միասին սերտ համագործակցելու ուղիներ եւ հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով»,- ասել է Լուի Հոլը։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերն իր ելույթում ընդգծել է՝ այս համաձայնագիրը պետք է ծառայի որպես հարթակ՝ հետագա ներդրումներն ու նորարարությունը խթանելու գործում։

«Համաձայնագիրը միջազգային համագործակցության վառ օրինակ է, որը լավագույն փորձը կբերի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տրամադրման ոլորտում։ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին՝ արտադրողական թվային կապի համար ճիշտ կարգավորող միջավայր ստեղծելու գործում»,- նշել է Ջոն Գալագերը։

Ջոն Գալագերը Ջոն Գալագերը
photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Ucom-ն առաջարկում է իր հաճախորդներին 4G+ եւ 5G շարժական ցանցեր, նաեւ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ցանց ու IP հեռուստատեսություն՝ տրամադրելով ծառայությունների համակցված պորտֆոլիո թե՛ անհատ եւ թե՛ բիզնես հաճախորդների համար։