17:26 | 20.01.25 | Նորություններ | 1360

Ընդունվում են Viva Technology 2025-ի մասնակցության հայտեր

Հունիսի 11-ից 14-ը Փարիզում կկայանա «Վիվա Թեքնոլոջի 2025» (Viva Technology 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը։

Ցուցահանդեսը Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական եւ ստարտափ միջոցառումներից մեկն է, որն ամեն տարի միավորում է ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին, ներդրողներին աշխարհի տարբեր երկրներից:

Ցուցահանդեսի հիմնական առանձնահատկություններից են՝ ստարտափների ցուցադրությունները (զարգացող ընկերությունները ներկայացնում են իրենց նորարարությունները), գլոբալ տեխնոլոգիական արդյունաբերության առաջատարների ելույթները, նորագույն տեխնոլոգիական նորարարություններով ցուցասրահները, ցանցային հնարավորությունները ստարտափների, ներդրողների եւ կազմակերպությունների միջեւ։

Միջոցառումը սովորաբար ընդգրկում է տեխնոլոգիական տարբեր ոլորտներ, ներառյալ՝ արհեստական բանականություն, իրերի ինտերնետ (IoT), կանաչ տեխնոլոգիաներ եւ կայունություն, թվային փոխակերպում, ռոբոտաշինություն։

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունը, ինչպես նաեւ նախորդ տարիների մասնակցության հաջողված փորձը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային կազմակերպությունների հետ միասնական «ARMENIA» տաղավարով՝ ներկայացնելով նրանց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները:

Հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ փետրվարի 17-ը այստեղ։

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում: