16:59 | 17.01.25 | Նորություններ | 1394
Fastex-ն «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը տրամադրել է 20 մլն դրամ։ Նախաձեռնության շրջանակում հունվարի 13-ին տեղի է ունեցել Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը:
Ընդհանուր առմամբ այս համագործակցությամբ բացվել է մեկ եւ վերազինվել 32 աշխատանոց, որոնցից 16-ը՝ Տավուշի, իսկ 17-ը՝ Շիրակի մարզում։
Բացման միջոցառմանը ներկա են եղել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը, «Ֆասթեքս» ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Ծրագրի շրջանակում աշխատանոցներին տրամադրվել են համակարգիչներ, իրականացվել են եռաչափ տպիչների եւ շաղափային հաստոցների վերազինման աշխատանքներ, համալրվել է ռոբոտաշինության հավաքածուն։
«Նման աշխատարաններ, ինչպիսին «Արմաթն» է, շատ մեծ դեր ու կարեւորություն ունեն սերունդների կրթության ու հետագայում՝ երկրի զարգացման գործում։ Կրթությունն ու գիտությունը մեր երկրի զարգացման ամենամեծ գրավականն է: Ֆասթեքը մեծ կարեւորություն է տալիս ՏՏ ոլորտի առաջխաղացմանը: Մեր կարեւոր նպատակներից մեկը Հայաստանում տեխնիկական կրթության բազան ուժեղացնելն է», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը։
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է տեխնոլոգիական ու ինժեներական կրթության կարեւորությունը եւ նմանատիպ նախագծերի իրականացումը՝ արագ զարգացող իրականության մեջ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Դիլիջանի եւ Տավուշի մարզում գործող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների աշխատանքները՝ անօդաչու թռչող սարքեր, մրցույթներում հաղթած ռոբոտներ եւ այլ նախագծեր։
«Վերազինման աշխատանքները սաներին հնարավորություն կտան կրկին օգտվել աշխատանոցի հնարավորություններից եւ առավել արդյունավետ պատրաստվել ընթացիկ մրցույթներին՝ ներկայացնելով իրենց նախագծերը։
Fastex-ը, հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության իր առաքելությանը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում կրթության զարգացմանը եւ նորարարական գաղափարների առաջխաղացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: