12:44 | 14.01.25 | Նորություններ | 197

Մեծ Բրիտանիան կստեղծի «աճի գոտիներ» AI տեխնոլոգիաների համար

Մեծ Բրիտանիան ներկայացրել է արհեստական բանականության զարգացման ծրագիր, որն ընդհանուր առմամբ պարունակում է 50 առաջարկ։

Փաստաթղթի համաձայն՝ երկիրն արդեն օգտագործում է արհեստական բանականությունը, սակայն Մեծ Բրիտանիան ցանկանում է դառնալ «առաջատար» ոլորտում, այսինքն՝ փոփոխություններ կատարել, ոչ թե պարզապես ընդունել դրանք։

Մեծ Բրիտանիան ծրագրում է ստեղծել «աճի գոտիներ» AI ուսուցման տվյալների կենտրոնների կառուցման համար. հատուկ տարածքներ, որտեղ կկիրառվի շենքերի կառուցման եւ էլեկտրացանցի հասանելիության պարզեցված ռեժիմ: Բացի այդ, այս գոտիները կդառնան «փորձադաշտ», մասնավորապես՝ տվյալների կենտրոնի սնուցման համար դրանք կփորձարկեն ջերմամիջուկային միաձուլման օգտագործումը:

Այդ գոտիներից առաջինը կտեղակայվի Քուլհեմում, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի ատոմային էներգիայի վարչությունը:

Ծրագիրը նաեւ կոչ է անում մինչեւ 2030 թվականը 20 անգամ ավելացնել կառավարական տվյալների կենտրոնների հաշվողական հզորությունը, ստեղծել տվյալների ազգային գրադարան եւ թիմ ձեւավորել արհեստական բանականության ներդրման նոր հնարավորություններ բացահայտելու համար:

Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ստեղծել AI-ի հարցերով հատուկ էներգետիկ խորհուրդ, որը կգլխավորեն գիտության եւ էներգետիկայի նախարարները։ Այն կուսումնասիրի տվյալների կենտրոնների կարիքները եւ նրանց առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ փոքր մոդուլային ռեակտորների միջոցով դրանք սնուցելու հնարավորությունը: