16:09 | 09.01.25 | Նորություններ | 175

Մխիթար Հայրապետյանն այցելել է Picsart

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հունվարի 8-ին այցելել է Հայաստանի առաջին միաեղջյուր Picsart ընկերություն, որը մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակներից մեկն է՝ ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատերով։

Picsart-ի հիմնադիր եւ գործառնական տնօրեն Հովհաննես Ավոյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին եւ նպատակներին։

Նշվել է, որ Picsart-ում յուրաքանչյուր ամիս մոտ 1 միլիարդից ավելի պատկեր է ստեղծվում, խմբագրվում եւ տարածվում։ Picsart-ում առանձնակի կարեւորվում է արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը:

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել նաեւ Picsart Academy-ի գործունեությունը, որը նոր սերնդի համալսարան է։ Այս համատեքստում քննարկվել է համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Picsart Academy-ն Հայաստանի սահմաններից դուրս բերելու եւ մարզերում ընդլայնելու վերաբերյալ:

Քննարկվել են փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

Picsart ընկերությունը գրասենյակներ ունի աշխարհի մի շարք երկրներում: Ընկերության աշխատակիցներից ավելի քան 400-ն աշխատում է հենց Երեւանի գրասենյակում: Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում Picsart-ի հավելվածի միջոցով, որը հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով: