16:05 | 09.01.25 | Նորություններ | 177
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։
Ժաննա Անդրեասյանը կարեւորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:
«ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության հիմնական մրցույթին մասնակցել է 300-ից ավելի թիմ։ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին եւ զուգահեռաբար անցկացվել է 4 քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։
ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում հանդես են եկել Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, օլիմպիադային մասնակցել են Թբիլիսիում։ Ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը՝ ԵՊՀ թիմը ստացել է 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք՝ արդյունքում դառնալով միակը Հարավային Կովկասում: ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ։
Անդրադարձ է կատարվել 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչի նախապատրաստական փուլի կազմակերպմանը, հավաքների եւ ճամբարների անցկացման հնարավորություններին:
Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից պետությունը ֆինանսավորում է դպրոցական օլիմպիական խմբակները եւ կարեւորել է սերնդափոխության ու թիմերում նոր ուսանողների ընդգրկման գործընթացը։