Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը հայտարարել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մասին։
Ընկերությունն իր բաժնետոմսերը ցուցակագրել է Nasdaq բորսայում՝ «TTAN» սիմվոլով մեկ բաժնետոմսի դիմաց նախնական 71 դոլար արժեքով: ServiceTitan-ը տեղաբաշխում է 8,8 մլն բաժնետոմս, ինչը թույլ է տալու ներգրավել շուրջ 625 մլն դոլար։ Մեկ բաժնետոմսի դիմաց 71 դոլար արժեքով ընկերության շուկայական արժեքը կազմում է 6,3 մլրդ դոլար։
ServiceTitan-ը 2012 թվականին հիմնադրել են Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը։ Այն Կալիֆորնիայում գործող ամպային հարթակ է, որը մասնագիտացած է առեւտրային բիզնեսների, հատկապես ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման եւ էլեկտրական ծառայությունների ոլորտում գործող կապալառուների համար ծրագրային լուծումներ տրամադրելու մեջ։
ServiceTitan-ը, որի արժեքը 2021 թվականի ֆինանսավորման փուլից հետո գնահատվել է 9.5 միլիարդ դոլար, ունի ավելի քան 12,000 հաճախորդ եւ ավելի քան 3500 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում եւ Երեւանում։
Ընկերության հիմնադիրներին Nasdaq-ում թողարկման միջոցառման ընթացքում ուղեկցել են իրենց ծնողները, որոնց աշխատանքային խնդիրները լուծելու համար էլ ժամանակին առաջացել է ստարտափի գաղափարը։