13:13 | 18.11.24 | Նորություններ | 864
Կայացել է տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Infosys Limited ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:
Նարայանա Մուրթին Հնդկաստանի ՏՏ հեղափոխության մեջ առանցքային դեր է ունեցել: Նա Infosys-ը վերածել է բարձր նորարար ծրագրային ծառայություններ առաջարկող համաշխարհային ընկերության, որը 2024թ. փետրվարի դրությամբ Նյու Յորքի եւ Բոմբեյի (Մումբայի) ֆոնդային բորսաներում ցուցակագրված է մոտավորապես 18 մլրդ․ ԱՄՆ դոլար եկամուտով եւ ունի 82,87 մլրդ․ ԱՄՆ դոլար շուկայական կապիտալիզացիա:
Նարայանա Մուրթին մեծացել է համեստ միջավայրում, սակայն դարձել է իրական առաջնորդ եւ համաշխարհային շուկայի դռները բացել Հնդկաստանի բազմաթիվ տաղանդավոր մարդկանց առջեւ։
2014 թվականին, նա CNBC-ի 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2008 թվականին Հնդկաստանի կողմից արժանացել է Պադմա Վիբհուշան քաղաքացիական մրցանակին, նույն թվականին Ֆրանսիայի կողմից՝ «Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ», իսկ 2007 թվականին՝ «Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր» տիտղոսներին։ 2005 թվականին «The Economist»-ը Մուրթիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրթին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։ Մուրթին «Ernst & Young»-ի «Տարվա համաշխարհային ձեռնարկատեր» մրցանակի առաջին հնդիկ հաղթողն է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի եւ գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին: