12:19 | 11.11.24 | Նորություններ | 1357

STAN-ը երկրորդ անգամ ներդրում է կատարել Denovo Sciences-ում

Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (STAN) հրեշտակ ներդրողները երկրորդ անգամ ներդրում են կատարել Denovo Sciences-ում, որը դարձել է ցանցի 23-րդ ներդրումը։

Denovo Sciences-ը խորքային տեխնոլոգիաների ընկերություն է, որը ստեղծում է նորարարական թերապեւտիկ լուծումներ՝ կիրառելով առաջադեմ AI տեխնոլոգիաներ: Ստարտափը կիրառում է Խորքային ուժեղացված ուսուցումը (Deep Reinforcement Learning - DRL), որպեսզի լուծի բարդ խնդիրներ՝ կապված դեղամիջոցների հայտնաբերման հետ:

Denovo Sciences-ը ստեղծվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Առաջատար լուծումների կենտրոնի (ASCENT) ծրագրի շրջանակում: Այն վենչուրային ծրագիր էր, որտեղ հետազոտողները եւ գիտնականները համագործակցում էին գաղափարների խորացված ուսումնասիրության շուրջ՝ հաջորդաբար անցնելով իրագործելիության համակողմանի ուսումնասիրություն, կոնցեպտի հաստատում եւ հետագայում նախատիպերի մշակում:

ASCENT ծրագրից հետո Denovo Sciences-ը հաջողությամբ ներգրավել է նախնական եւ սաղմնային փուլերի ֆինանսավորում՝ արժանանալով ներդրողների վստահությանը Հայաստանից եւ արտերկրից, ներառյալ Berkeley SkyDeck, Granatus Ventures, Triple S Ventures, SASTIC, ԵՄ ինստիտուտներ եւ այլ կառույցներ: Ստարտափն արդեն հրապարակել է 8 ռեցենզավորված հոդված՝ ներդրում կատարելով դեղամիջոցների հայտնաբերման ոլորտում նորարարական գտածոներով:

Գիտական ներդրումներից զատ Denovo-ն ձեւավորել է համագործակցություններ առաջատար ընկերությունների հետ կենսատեխնոլոգիաների ոլորտում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից եւ Շվեյցարիայից՝ արագացնելով հետազոտություններն ու դեղամիջոցների մշակումը: