18:03 | 28.10.24 | Նորություններ | 843

Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են 7.8%-ով

ՀՀ կապի երեք օպերատորներ Յուքոմ-ը, Թիմ Տելեկոմ Արմենիան-ն եւ Վիվա Արմենիա-ն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 26.99 մլրդ դրամի հարկ, ինչը 7.8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 29.26 մլրդ դրամի հարկ):

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2024թ. երրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 14.51 մլրդ դրամի հարկ, ինչը 14․7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2024թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 9-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 6.52 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 33.1%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 18-րդից դարձել է 29-րդը:

Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (32-րդ տեղ 27-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 5.95 մլրդ դրամ հարկ, ինչը 13.3%-ով պակաս է 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (252-րդ տեղ՝ 160-ի փոխարեն, 0.94 մլրդ դրամ, անկում՝ 34.6%):

Աննա Այվազյան