11:56 | 24.10.24 | Նորություններ | 11241

Ucom-ի աջակցությամբ Վարդենիսում արեւային կայան է տեղադրվել

Ucom-ի եւ «Արեւորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։

Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արեւային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության եւ հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ավելցուկը կվերաուղղորդվի համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների հոսանքի ծախսի կրճատմանը։

«Էլեկտրական էներգիայի կայուն աղբյուրներից օգտվելը թույլ է տալիս համայնքներին խնայել համայնքային բյուջեներն ու ավելի շատ խնդիրներ լուծել բնակիչների համար։ Դա նաեւ ապրելակերպ է թելադրում, որի կենտրոնում շրջակա միջավայրի պահպանությունն է, հոգատարությունն է բնության եւ միմյանց նկատմամբ։ Ucom-ն էլ որպես պատասխանատու ընկերություն իր պարտքն է համարում հոգ տանել համայնքների ու բնության մասին եւ օրինակ ծառայել այս առումով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս արեւային կայանի տեղադրումը կարեւոր քայլ է ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների էներգիայի ծախսերի նվազեցման առումով, այլեւ ցուցիչ է այն ապրելակերպի, որը կդարձնի մեր համայնքները ավելի կայուն եւ շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար։ «Արեւորդի» ՀԿ-ում մենք մշտապես աջակցում ենք այնպիսի լուծումների, որոնք խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը՝ նպաստելով մաքուր, էներգաարդյունավետ եւ ավելի կանաչ ապագայի ձեւավորմանը մեր համայնքների համար», - ասել է Արեւորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Շատ շնորհակալ ենք Ucom ընկերությանը այսպիսի կարեւոր ծրագիր իրականացնելու համար` հատկապես Գառնիկ Կարապետյանի այգում, որտեղ դրա կարիքը շատ զգացվում էր։ Արեւային կայանների տեղադրումը ոչ միայն ավելի կլուսավորի մեր այգին, որը մեր ծերերի եւ երիտասարդների ժամանցի վայրն է, այլեւ զգալի խնայողություն կբերի համայնքի բյուջեին։ Հուսով ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կշարունակվեն՝ հանուն մեր համայնքի բարօրության եւ կայուն ապագայի», - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Արեւորդի ՀԿ-ի եւ Յուքոմի համագործակցության շրջանակում նախորդ տարի եւս իրականացվել է նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանեւանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արեւային կայաններ են տեղադրվել նաեւ Տավուշի մարզի եւ Սյունիքի մի շարք տարբեր բնակավայրերում։