11:15 | 23.09.24 | Նորություններ | 4714

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կհամագործակցի WCIT2024/DigiTec-ի հետ

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կհամագործակցի Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հետ WCIT2024/DigiTec-ի շրջանակում։

Փոխգործակցության հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

Համագործակցությունը նախատեսվում է ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների իրականացման, ինչպես նաեւ փոխադարձ փորձագիտական աջակցության տրամադրման ուղղություններով։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել WCIT-ի նման միջազգային ճանաչում ունեցող միջոցառման գործընկերը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի միջոցառման ճանաչելիության բարձրացմանը եւ միջազգային տեղեկատվական ու բիզնես միջավայրի ակտիվ ներգրավմանը»,- ասել է Հայաստանի Օքսֆորդի Շրջանավարտների Բիզնես Ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

«Մենք շատ ենք կարեւորում այս համագործակցությունը, քանի որ այն ակտիվացնելու է այդ թվում՝ միջազգային փոխգործակցությունն այլ երկրներում գործող Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբների միջեւ։ Նմանատիպ համագործակցությունները նպաստում են նաեւ հայաստանյան տեղեկատվական ոլորտի նկատմամբ միջազգային մեդիայի հետաքրքրության մեծացմանն ու պարբերական անդրադարձներին»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

WCIT2024/DigiTec-ը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով: