13:16 | 20.09.24 | Նորություններ | 1930

«ԱԲ սերունդ» ծրագիրը մեծ արձագանքներ է ստացել միջազգային գործընկերների շրջանում

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն ընդգծել է՝ մեծ պատիվ է եղել Հայաստանը ներկայացնել նորարարական կրթության առաջնագծում, լինել համաշխարհային օրակարգի մաս եւ կիսել ՀՀ փորձը արհեստական բանականության դասավանդման ոլորտում:

Նա նշել է, որ ՀՀ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագիրը մեծ արձագանքներ է ստացել միջազգային գործընկերների շրջանում, որը փաստում է Հայաստանի ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման եւ կրթական նորարարության առաջնորդման ասպարեզում: Նրա խոսքով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունել են Հայաստանի՝ նորարարական կրթության ջատագով լինելու նախաձեռնողականությունն ու ցանկություն են հայտնել ավելի մանրամասն ուսումնասիրել մեր երկրի փորձն այս ուղղությամբ:

Միջոցառումը մեկ հարկի տակ էր միավորել աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների անդամների, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ այնպիսի հանրահայտ ընկերություններից, ինչպիսիք են Lenovo-ն եւ Apple-ը՝ քննարկելու արհեստական բանականության փոխակերպիչ դերը կրթության մեջ: