12:58 | 06.09.24 | Նորություններ | 6202
Yandex Armenia-ն Վանաձորի եւ Գյումրիի 14-17 տարեկան պատանիներին հրավիրում է իր ծրագրավորման դպրոց՝ Python-ի անվճար ուսուցման։
Սեպտեմբերի 6-ին ընկերությունը սկսել է նոր ուսումնական տարվա համար հայտերի հավաքագրումը։
Դասերի ընթացքում ավագ դպրոցի աշակերտները կծանոթանան Python-ով ծրագրավորման հիմունքներին, կուսումնասիրեն ծրագրավորման լեզվի հիմնական հասկացությունները, կառուցվածքները եւ գրադարանները: Դասընթացներն անցկացվելու են առկա տարբերակով Գյումրիում եւ Վանաձորում ՝ տեխնոլոգիական կենտրոնների բազայի վրա՝ շաբաթական երկու անգամ, մեկուկես ժամ տեւողությամբ։ Ծրագրին մասնակցությունն ամբողջովին անվճար է, սակայն, նախ, պետք է ընդունվել ծրագրավորման դպրոց։ Հայտերի ընտրությունն այս տարի կավարտվի սեպտեմբերի 15-ին:
Ընդունելությունը ծրագրավորման դպրոց բաղկացած է 2 փուլից՝ թեստավորում եւ հարցազրույց։ Նախ՝ պետք է լրացնել մասնակցության հայտը հետեւյալ կայքում՝ https://codingschool.yandex.com.am։ Ի պատասխան՝ կստանաք նամակ՝ թեստավորման հղումով: Եթե դիմորդը հաջողությամբ անցնի թեստը, նրան կհրավիրեն հարցազրույցի։
Ծրագրավորման դպրոցի նախորդ շրջանավարտները, որոնք ավարտել են կուրսն այս տարվա գարնանը, կարող են շարունակել իրենց առաջխաղացումը ծրագրավորման աշխարհում եւ տիրապետել ամենատարածված ՏՏ մասնագիտություններին առցանց տարբերակով՝ գրանցվելով Yandex Lyceum-ի մասնագիտացման կուրսերին: Շրջանավարտներին հասանելի կլինեն անվճար եռամսյա կուրսեր՝ վեբ-ծրագրավորում Django-ում, տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում, մեծ տվյալներ, ծրագրավորում Go-ում:
Yandex-ի ծրագրավորման դպրոցը Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսումնասիրման միջազգային ծրագիր է՝ նախատեսված 14-17 տարեկան դպրոցականների համար։ Հայաստանում նախագիծն իրականացվում է 2017 թվականից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) հետ համատեղ Վանաձորի եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոններում: Դպրոցը 7 տարում 414 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն իրենց կյանքը կապել են ՏՏ ոլորտի հետ։ Նախագիծն իրականացվում է Yandex Go-ի ֆինանսական եւ մասնագիտական աջակցությամբ։