12:42 | 26.08.24 | Նորություններ | 1749
Օգոստոսի 24-ի երեկոյան Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում՝ հենց իր անձնական բիզնես ինքնաթիռից դուրս գալու ժամանակ։
Նա եղել է աղջկա եւ անձնական թիկնապահի ընկերակցությամբ։ Խոշոր լրատվամիջոցներն անմիջապես գրեցին այս մասին՝ պարզաբանելով, որ Պավելի գործով դատական նիստն արդեն նշանակված է եղել կիրակի՝ օգոստոսի 25-ին։
«Պավելը կալանավորվել է ֆրանսիական ոստիկանության կողմից նախաքննության շրջանակում, որը նրան մեղադրում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խարդախության եւ երեխաների դեմ հանցագործությունների համար: Նման մեղադրանքները հիմնված են «Telegram-ում պատշաճ մոդերացիայի բացակայության» վրա։
Ավելի կոնկրետ, ֆրանսիական հետաքննությունը կարծում է, որ Telegram-ի աշխատանքը երկրում բարդացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման եւ այլ իրավախախտումների դեմ պայքարը։ Եվ հարցը, իհարկե, ոչ միայն մոդերացիայի, այլեւ մեսենջերի եւ իշխանությունների անբավարար համագործակցության խնդիրն է։
Հատկանշական է, որ Պավելը «պետք է իմանար, որ ինքը պերսոնա նոն գրատա է Ֆրանսիայում»,- նշում են տեղական TF1/LCI հեռուստաալիքի աղբյուրները: Թե ինչն է դրդել նրա Փարիզ այցելելու ցանկությանը, դեռ մեծ հարց է։ Հարկ է նշել, որ Դուրովը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, ուստի նրան կարող են դատել տեղական օրենքներով։ Նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։ Նա այժմ կալանքի տակ է եւ սպասում է դատավարության:
Telegram-ը պատասխանել է լուրերին՝ ասելով, որ ծառայությունը համապատասխանում է ԵՄ օրենքներին, եւ որ մոդերացիան «համապատասխանում է ոլորտի չափանիշներին»: «Անհեթեթ է ասել», որ հարթակի սեփականատերը պետք է պատասխանատվության ենթարկվի չարաշահումների համար, ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Պավել Դուրովի ձերբակալության արձագանքները
Դուրովի բերման ենթարկվելուց հետո սոցիալական ցանցերը սկսեցին հանդես գալ ի պաշտպանություն գործարարի եւ Telegram-ի՝ որպես անկախ հարթակի:
Կալանավորման մասին խոսել են ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրյա ձեռնարկատերեր՝ Օլեգ Տինկովը, Ethereum-ի ստեղծող Վիտալիկ Բուտերինը, Y Combinator-ի համահիմնադիր Փոլ Գրեհեմը եւ այլք։ Դուրովի աջակցության փոքրիկ ինքնաբուխ ցույց է տեղի ունեցել նաեւ Մոսկվայում։ Հազարավոր գրառումներ #FreePavel եւ #FreeDurov հեշթեգերով հայտնվել են X-ում եւ հենց մեսենջերում: Այս կոչին աջակցել են բազմաթիվ հայտնիներ ու մեդիա գործիչներ, այդ թվում՝ Իլոն Մասկը։