14:25 | 23.08.24 | Նորություններ | 11617
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացրել է բջջային եւ ամրակցված կապի 2024 թվականի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական եւ ֆինանսական ցուցանիշները։
Ընկերությունը շարունակում է գրանցել բաժանորդների թվի եւ եկամտի կայուն աճ։
Շարժական կապ
2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 4.89 մլրդ դրամ եկամուտ, որը 5.5%-ով կամ 256.6 մլն դրամով ավելի է այս տարվա 1-ին եռամսյակից եւ գերազանցում է 2023 թ․ 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5.0%-ով կամ 234.3 մլն դրամով։
Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում կազմել է 1,051,679։
2024-ի 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.5%-ով կամ 15,391 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 8.9%-ով կամ 85,553 բաժանորդով։
Հաստատուն կերպով աճում է շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում այն կազմել է 761,137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի եւ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3.3%-ով եւ 13.4%-ով։
Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ստացվել է 2.54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13%-ով կամ 292.4 մլն դրամով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11.5% կամ 262.8 մլն դրամ։
2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.9%-ը։
Ամրակցված կապ
2024 թ.-ի 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.2%-ով կամ 194.4 մլն դրամով։
Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ 96.9 հազար է, 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.3%-ով կամ 3,964 բաժանորդով։
2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.3%-ը:
«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը, տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաեւ կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, եւ մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաեւ հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- հավելել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։