12:13 | 31.07.24 | Նորություններ | 1358

Fastex-ը հովանավորել է ՔայլՏեք-ի կողմից կազմակերպված «MetaGait: Cyber FootBall» մրցույթը

Ֆասթեքսը հովանավորել է հուլիսի 26-ին Sevan Startup Summit 2024-ի շրջանակում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: Cyber Football» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը:

Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողական սարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողի խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականությունում եւ մրցել միմյանց դեմ ֆուտբոլի ձեւաչափով։

«Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարեւորելով խաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերի համաշխարհային մակարդակով․

«Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, ու սա շատ կարեւոր նախադեպ է հատկապես ֆուտբոլի պարագայում, որն աշխարհում մարդկանց մեծ մասի սիրելի խաղերից է։ Երբ սկսեցինք ֆուտբոլի խաղի ստեղծման աշխատանքները, բոլորի մոտ մեծ ոգեւորություն էր, հատկապես` սարքն օգտագործողների մոտ»:

Մրցույթին մասնակցել է 6 անձ՝ երկու թիմով։ Նախատեսված էր հաղթող թիմին պարգեւատրել 900.000 դրամին համարժեք FTN-ով, իսկ պարտվող թիմին՝ 300.000 դրամին համարժեք FTN-ով: Մրցույթի ավարտին, սակայն, թիմերը որոշել են հավասարապես բաշխել ֆոնդը՝ յուրաքանչյուր մասնակցին տրամադրելով 200.000-ական ՀՀ դրամին համարժեք FTN-ներ:

«Այս համագործակցությամբ Ֆասթեքսը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձեւավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ սահմանափակումներից»,- ասված է հաղորդագրությունում: