12:01 | 20.06.24 | Նորություններ | 1603

«Իրական դպրոց Գորիս» հիմնադրամն ստացել է պետական լիցենզիա

«Իրական դպրոց Գորիս» հիմնադրամն ստացել է միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման պետական լիցենզիա։

«Իրական դպրոց Գորիս» հիմնադրամը կգործի Գորիս քաղաքի Անկախության փողոց 114 հասցեում։ Այնտեղ կդասավանդվի «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիրը:

Ուսուցումը կիրականացվի «Իրական դպրոց» հիմնադրամի ուսումնական հենքի վրա։ Ուսումնառության ընթացքում ուսանողները կտիրապետեն կրթության համակարգաբան մասնագիտությանը՝ տնտեսական, քաղաքական, իրավական եւ կրթամշակութային ոլորտներում։ Դպրոցի սաները կստանան գիտելիքի լայն պաշար եւ պատրաստվածություն ապագայում իրենց ներդրումն ունենալու աշխատաշուկայում։

Գորիսի «Իրական դպրոց» հիմնադրամի տեսլականն է Գորիս քաղաքում ապագայում բացել տեխնոպարկ՝ նորարարական կենտրոն, որտեղ կիրականացվեն մի շարք մշակութային, կրթական ծրագրեր, կտրվեն գիտելիքներ ձեռներեցության եւ ՏՏ տարբեր մանագիտացումների վերաբերյալ։

«Իրական դպրոց»-ում արդեն մեկնարկել է ընդունելությունը։ Քառամյա կրթական ծրագիրը նախատեսված է 9-րդ դասարանն ավարտող երեխաների համար։

«Իրական դպրոց»-ը գործում է արդեն շուրջ ութ տարի եւ մասնաճյուղեր ունի Երեւան, Իջեւան, Գյումրի, Վանաձոր եւ Գորիս քաղաքներում։