16:23 | 07.06.24 | Նորություններ | 16862

ԵՊՀ-ի եւ Ucom ընկերության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարեւորելով գործընկերության եւ համագործակցության դերն ուսանողների կրթության եւ մասնագիտացման գործում, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։

Ըստ հուշագրի՝ ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացներում կներգրավվեն նաեւ Ucom ընկերության փորձառու աշխատակիցները։ Բացի դրանից՝ ընկերությունը կկազմակերպի ԵՊՀ ուսանողների պրակտիկան։

Կառույցները համատեղ կկազմակերպեն եւ կանցկացնեն բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ։ Հուշագրով նախատեսված է նաեւ, որ ընկերությունը, ըստ նպատակահարմարության եւ իր հայեցողությամբ, թեստավորման եւ հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին կապահովի աշխատանքով։

«Համոզված եմ, որ այս հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր ուսանողներին։ Այն կամրապնդի կապը ակադեմիական եւ գործնական ոլորտների միջեւ՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների զարգացման համար։ ԵՊՀ-ն մշտապես ձգտում է ապահովել ուսանողներին բարձրորակ կրթությամբ, եւ Ucom ընկերության հետ այս համագործակցությունը թույլ կտա նորարարական լուծումներով եւ տեխնոլոգիաներով հարստացնել մեր կրթական ծրագրերը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Այսօր աշխարհում բոլորը գիտեն, որ ցանկացած ընկերության հաջողություն կախված է աշխատակիցներից, ներգրավված տաղանդներից։ Հայաստանում էլ շատ կարեւոր է աշխատել երիտասարդների հետ, պատրաստել նրանց հետագա կարիերայի կառուցմանը։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ պետք է մեր ներդրումն ունենանք այսօրվա ուսանողների գործնական ապագայի մեջ եւ դրա համար էլ ուրախ ենք հաստատել այս համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։