12:40 | 07.06.24 | Նորություններ | 1441

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ

Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ:

Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձեւաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը եւ նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաեւ խթանել քննադատական մտքի եւ գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

Գիտության շաբաթը Երեւանում եւ բոլոր մարզերում կանցկացվի հոկտեմբերի 1-6-ը։

Հայաստանում առաջին Գիտության շաբաթը կխորհրդանշի գիտության եւ հասարակության միջեւ կապը։ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». սա եւ այս տարվա թեման է, եւ այն առանցքային նպատակը, որին ուղղված կլինի Գիտության շաբաթ նախագիծը։

Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում, ինչպես նաեւ Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա Գիտության փառատոն։

Փառատոնը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասի.

1. Գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 1-2
2. Մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 3-4
3. Գիտական Ֆանտաստիկա, հոկտեմբերի 5-6

«Գիտության շաբաթը» նախագիծը միջազգային ձեւաչափ է։ Այն նախաձեռնել եւ իրականացնելու է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ։