17:28 | 06.05.24 | Նորություններ | 1234
Safe YOU բջջային հավելվածի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը կարծում է, որ ստարտափ լուծումներ ստեղծելիս պետք է առաջնորդվել հանրության համար բարիք ստեղծելու գաղափարախոսությամբ։
«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նա պատմել է Safe YOU ստարտափի անցած ճանապարհի, իրենց հաղթահարած մարտահրավերների եւ հաջողության բանաձեւի մասին։
«Պետք է մտածել, թե ձեր ստեղծած պրոդուկտը կամ ծառայությունն ինչ նպաստ է բերելու մարդկանց, տնտեսությանը եւ երկրին։ Պետք է մտածեք այնպիսի միջավայր ստեղծելու մասին, որն աճի հնարավորություն կտա եւ արժեք կբերի մարդկությանը»,- ասել է նա։
Հաջողությունը, ըստ Մարիամ Թորոսյանի, նախ հիմնվում է տեսլականի վրա, որին պետք է միշտ հավատարիմ մնալ։
«Ես մարդ եմ, ով խորապես հավատում է, որ բռնությունը տեղ չունի մարդկանց հարաբերություններում, եւ դրա փոխարեն մեր աշխարհը պետք է հնարավորինս բալանսավորված լինի։ Դրա համար է, որ ստեղծեցինք Safe YOU բջջային հավելվածը, որն անվտանգություն է ապահովում բազմաթիվ կանանց համար աշխարհի մի քանի երկրում»,- ասել է Safe YOU բջջային հավելվածի հիմնադիրը։
Նա նշել է, որ հենց սկզբից ճիշտ ձեւը գտնելն անհնար է, բայց պետք է անվերջ փորձել, մինչեւ որ կգտնվի գաղափարն իրականացնելու ճիշտ ուղին։
«Պետք է «հողը փորելով» առաջ գնալ եւ ոչ մի պատնեշի առաջ չկանգնել, բայց մյուս կողմից էլ պետք է ճկուն լինել փոքր դետալների առումով, որպեսզի կարողանաք գտնել ձեր գաղափարն իրականացնելու ճիշտ ուղին»,- ասել է Մարիամ Թորոսյանը։
Ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։