12:38 | 26.03.24 | Նորություններ | 1312
Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրել է «Կանաչ էներգիա եւ խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով եւ հաքաթոն։
Ավելի քան 40 ուսանող ծանոթացել է էներգախնայող խելացի համակարգերին, լսել դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների եւ շենքերի ավտոմատացման թեմաներով:
Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենտորությամբ պատրաստել են խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:
Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշել է, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։
Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ եւ առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձեւավորում են ակադեմիական գիտելիքներ եւ պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ: