14:17 | 20.03.24 | Նորություններ | 1721
DeepMind եւ Inflection AI համահիմնադիր Մուստաֆա Սուլեյմանը կգլխավորի Microsoft AI-ը՝ Microsoft-ի նոր ստորաբաժանումը։
Սուլեյմանն ուղղակիորեն կզեկուցի Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլային, վերջինս այդ մասին հայտնել է աշխատակիցներին ուղղված նամակում։ Մուստաֆա Սուլեյմանը կվերահսկի Copilot-ը եւ այլ արհեստական բանականության պրոդուկտներն ու հետազոտությունները:
Inflection AI համահիմնադիր եւ AI հետազոտող Կարեն Սիմոնյանը նույնպես կմիանա Microsoft AI-ին որպես գլխավոր գիտնական։ Inflection AI-ի մի քանի աշխատակից նույնպես կմիանա ստորաբաժանմանը:
Inflection AI-ն հիմնադրվել է 2022 թվականին Սուլեյմանի, Սիմոնյանի եւ LinkedIn-ի համահիմնադիր Ռիդ Հոֆմանի կողմից։ Ստարտափն աշխատում էր Pi կոչվող չատբոտի վրա, որը նախատեսված էր հիմնականում հանգիստ, կարեկից, իմաստալից, ինչպես նաեւ առօրյա զրույցների համար:
2023 թվականի հունիսին ստարտափը ստացել էր 1,3 միլիարդ դոլար ներդրում, այդ թվում՝ Microsoft-ից՝ գնահատվելով 4 միլիարդ դոլար, գրում է TechCrunch-ը։ Ըստ Bloomberg-ի՝ Inflection AI-ն այժմ կհրաժարվի բոտի մշակումից եւ կանցնի բիզնեսին արհեստական բանականության ծրագրակազմ վաճառելուն:
2010 թվականին Սուլեյմանը համահիմնադրել է մեկ այլ AI ստարտափ՝ DeepMind-ը, որը 2014 թվականին գնել է Google-ը։