11:52 | 04.03.24 | Նորություններ | 1705

OpenAI-ում մեկնաբանել են Մասկի դատական հայցը

OpenAI-ը ներքին հուշագիր է ուղարկել աշխատակիցներին, որում մեկնաբանել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ ընկերության, գրում է Bloomberg-ը:

OpenAI-ը ենթադրում է, որ ձեռնարկատիրոջ պնդումները «կարող են բխել ափսոսանքից, որ Մասկը ներկայում ներգրավված չէ ընկերությունում», - ասել է OpenAI-ի ռազմավարության գլխավոր տնօրեն Ջեյսոն Քվոնն էլեկտրոնային նամակում:

Ընկերությունը «կտրականապես համաձայն չէ» հայցի հետ՝ անվանելով այն «խորը հիասթափեցնող»։ Քվոնը գրել է, որ չի վիճարկում Մասկի դերը OpenAI-ի սկզբնական շրջանում, սակայն նշել է, որ ձեռնարկատերը պահանջել է ընկերության լիարժեք վերահսկողություն եւ դրա բաժնետոմսերի մեծ մասը, ինչպես նաեւ առաջարկել է OpenAI-ը միաձուլել Tesla-ին։

Նա նաեւ հերքել է այն հայտարարությունը, թե ընկերությունը «հիմնականում դարձել է Microsoft-ի դուստր ձեռնարկություն»։ Քվոնը նշել է, որ OpenAI-ի առաքելությունն է ապահովել, որ «ընդհանուր արհեստական բանականությունը (AGI) օգուտ բերի ամբողջ մարդկությանը»: Նրա խոսքով՝ ընկերությունն ուղղակիորեն մրցում է Microsoft-ի հետ։ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն առանձին գրառման մեջ Մասկին անվանել է «իր հերոսը» եւ ասել, որ կարոտել է «նրա հին տարբերակը»: Ընկերությունը պաշտոնապես չի մեկնաբանել հայցը կամ ներքին նամակները։

Նշենք, որ Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի եւ նրա համահիմնադիրներ Սեմ Ալթմանի եւ Գրեգ Բրոքմանի դեմ մարտի 1-ին, քանի որ ընկերությունն անտեսել է գործել որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն եւ «ի շահ մարդկության»:

Ձեռնարկատերը OpenAI-ի համահիմնադիրն է 2015 թվականից: Հայցում նշվում է, որ հենց նա է տրամադրել ֆինանսավորման մեծ մասը առաջին տարիներին, վերահսկել հետազոտական ոլորտները, ինչպես նաեւ աշխատանքի է ներգրավել առաջատար գիտնականներին եւ ինժեներներին, այդ թվում՝ Իլյա Սուցկեւերին, ով դարձել է հիմնադիրներից մեկը:

Ձեռնարկատերը դուրս է եկել OpenAI-ի տնօրենների խորհրդից 2018 թվականի փետրվարին՝ Tesla-ի հետ հնարավոր շահերի բախման պատճառով, որն օգտագործում է մեքենայական ուսուցում ավտոպիլոտ ստեղծելու համար։ Նույնիսկ այն ժամանակ նա կասկածի տակ էր դրել ընկերության հավատարմությունն իր սկզբնական սկզբունքներին:

2023 թվականին Մասկը հիմնել է X.AI-ն՝ OpenAI-ի հետ մրցակցելու համար: AI-ի շուկայում նրա քայլերը մեծ աղմուկ են բարձրացրել ոլորտում, քանի որ նա ստորագրել է նամակ՝ կոչ անելով դանդաղեցնել լայնածավալ արհեստական բանականության փորձարկումը, AI-ը քաղաքակրթության ապագայի հիմնական սպառնալիքներից մեկը համարել եւ քննադատել OpenAI-ին դրա համար: