14:13 | 15.02.24 | Նորություններ | 1943

Վանաձորի «Իրական դպրոցը» ստացել է պետական արտոնագիր

Վանաձորում 2017 թվականից գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամն ստացել է պետական արտոնագիր եւ կշարունակի իր գործունեությունը սպասվող ուսումնական տարում՝ արդեն պետական թույլտվությամբ։

«Վանաձորում Ինստիգեյթը 2010 թվականին հիմնադրել է կրթական կենտրոն, որը մեծահասակներին օգնում էր ստանալ ՏՀՏ ոլորտի մասնագիտացում, եւ որի շնորհիվ այսօր հարյուրից ավելի մասնագետներ աշխատում են Վանաձորում Ինստիգեյթի հիմնադրած մի քանի կազմակերպություններում եւ այլ ընկերություններում։ Դպրոցը Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Մեծահասակների համար ստեղծված 900-ժամյա դասընթացի հիման վրա ստեղծվել է քառամյա կրթական ծրագիր՝ 15-19 տարեկան երիտասարդների համար, տեղավորելով այն ուսումնարանի ձեւաչափում։ Սա թույլ է տալիս որակապես նոր մակարդակ ստանալ՝ շրջանավարտներին ապահովելով ոչ միայն գիտելիքով, այլեւ մի քանի տարվա աշխատանքային փորձով»,- նշել է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի համահիմնադիր, «Իրական դպրոց»-ի հիմնադիր-տնօրեն Վահագն Պողոսյանը։

Ընդունելությունն սկսվում է մարտին՝ 9-րդ դասարանն ավարտող երեխաների համար։ Քառամյա կրթական ծրագրի երկրորդ տարվանից սկսած՝ ուսանողներն արդեն հնարավորություն են ստանում ուսնակություն անցնելու տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ եւ անհրաժեշտ գիտելիքների մեծ պաշար։

Հիշեցնենք, որ «Իրական դպրոց»-ը «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի կրթական նախագծերից է, որը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։