16:11 | 12.02.24 | Նորություններ | 1311

Ucom-ը կհամագործակցի Nokia-ի ու MediaKind-ի հետ

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Եր եւանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի  եւ հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ:

Ֆիննական տեխնոհսկա Nokia ընկերության հետ համագործակցությամբ Ucom ընկերությունը իր ռադիոընդունման ցանցի (RAN-Radio Access network) եւ Հայաստանում Ucom ցանցի 5G Ready ծառայությունների արդիական ծածկույթ կապահովի։ Կարդիականացվեն Ucom-ի բազային եւ IP ցանցի ենթակառուցվածքը՝ բարձրացնելով բաժանորդների շարժական կապի հարմարավետության աստիճանը։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ազդարարեց նոր ռազմավարության մեկնարկը։

Ռալֆ Յիրկյանը Ռալֆ Յիրկյանը


«Մենք համարձակ քայլ ենք կատարում դեպի առաջ՝ ներդրումների, ցանցի զարգացման, 5G տեխնոլոգիայի ներդրման տեսանկյունից։ Որոշել ենք սկսել մարզերից, որովհետեւ Հայաստանը միայն Երեւանը չէ։ Փոխարինելու ենք հին ենթակառուցվածքները նորով, որը կապահովի յուրահատուկ որակ մեր բոլոր բաժանորդների համար ոչ միայն շարժական կապի, այլեւ ֆիքսված ցանցում։ Այս տարին շատ կառուցողական է լինելու։ Նախօրոք կպատրաստենք հանրությանը նոր մարտահրավերներին, քանի որ կրիտիկական աշխատանք ենք տանելու այս ընթացքում։ Հեշտ չէ, բայց փորձելու ենք ամենը կատարել շատ սահուն, որպեսզի մեր բաժանորդները հնարավորինս չզգան անցումային փուլը։ Մենք ձգտում ենք Հայաստանը ճանաչված եւ տեսանելի դարձնել աշխարհի հեռահաղորդակցության քարտեզի վրա»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ելույթում կարեւորեց երազանք ունենալու, դրան ձգտելու ու ստեղծարար մտածելու անհրաժեշտությունը։

Մխիթար Հայրապետյանը Մխիթար Հայրապետյանը


«ՏՀՏ ոլորտում մենք անընդհատ պետք է դեպի ապագա նայենք, հենց այս համատեքստում է կարեւոր այս երեք կողմերի գործակցությունը։ Ռեսուրսներ, էներգիա ու ջանք չպետք է խնայենք, եթե ուզում ենք լինել մրցունակ այս ոլորտում։ Ուզում եմ վստահեցնել, որ մեր նախարարությունը եւ, առհասարակ, կառավարությունը կանգնած է այն բոլոր նախաձեռնությունների կողքին, որոնց առանցքում կա երազանք, դեպի ապագային ձգտելու կամք ու ցանկություն։ Շնորհակալ եմ այսքան խորքային ու պատասխանատու մոտեցման համար, որով նոր հնարավորություններ եք ստեղծում Հայաստանում», - ասել է ԲՏԱ նախարարը։

Nokia ընկերության պատվիրակությունը գլխավորող Եվրոպայի բջջային ցանցերի փոխնախագահ Պիտեր Վուկովիցն իր ելույթում նշեց, որ ուրախ է Հայաստանում տալ նոր մասշտաբային նախագծի մեկնարկ, որով մրցակցային դաշտում կհաղթահարեն նոր մարտահրավերներ:

Պիտեր Վուկովիցը Պիտեր Վուկովիցը


«Բանակցությունների գործընթացը տեւել է մոտ 2 տարի եւ այս ընթացքում մենք ականատես ենք եղել Ucom-ի ղեկավարության եւ թիմի ռազմավարական մոտեցումներին, որ ցուցաբերել են բոլոր դետալներում։ Nokia-ն ուժերի ներածին չափով կնպաստի գոյություն ունեցող ցանցի ու ենթակառուցվածքների վերափոխմանը: Մենք կօգնենք նաեւ բարելավել Հայաստանի տնտեսական համակարգը։ Այս համագործակցության կարեւորությունը թվայնացումն է եւ դրա միջոցով մարդկանց կյանքի որակը բարելավելն ու նոր հնարավորություններ ապահովելը։ Աշխատում ենք ստեղծել հարթակ, որը 5G տեխնոլոգիաները հասանելի կդարձնի Հայաստանին, հայ հասարակությանն ու բիզնեսներին։ Ապագան կանաչ է»,- նշել է Պիտեր Վուկովիցը։

Ucom-ի մեկ այլ կարեւորագույն նպատակը հեռուստատեսության ոլորտում նոր փորձառություն բերելն է։ Ինչին ուղղված էլ ստորագրվեց MediaKind ընկերության հետ համագործակցության հուշագիր։ Ոլորտում առաջատար MediaKind-ի տեխնոլոգիաների ներդնումը եւ տեխնիկական աջակցությունը կապահովի որակապես նոր հեռուստատեսություն՝ ներառյալ OTT (Over The Time media systems) հոսքային տարբեր սարքերով, ըստ պահանջի տեսանյութերի, UHD (Ultra High Definition Television) ալիքների եւ շուրջօրյա աջակցություն։

Վիետ Նուեն Կաոն Վիետ Նուեն Կաոն


MediaKind-ի Եվրոպայի, Միջին Արեւելքի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոն իր ելույթում կիսվեց իրենց ընկերության՝ Deutsch Welle-ի եւ այլ միջազգային հանրահայտ կազմակերպությունների հետ համագործակցության հաջողված փորձով։ Նա կարեւորեց Հայաստանի դինամիկ զարգացող շուկայում Ucom-ի միջոցով իրենց ներկայացվածությունն ու նորարարության ներդնումը։

«Որպես մեդիա տեխնոլոգիաների եւ ծառայությունների առաջատար՝ MediaKind-ը խթանում է նոր ստանդարտներ ամբողջ աշխարհում: Ucom-ի պես դինամիկ զարգացող ընկերության հետ համագործակցությունը մեզ համար հիրավի մեծ պատիվ է: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի բաժանորդներին տրամադրել որակապես լավագույն մեդիա բովանդակությունը: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել հաջորդ սերնդի հեռուստատեսային ծառայություն»,-ասել է Վիետ Նուեն Կաոն:


«Սա շատ կարեւոր օր է մեզ համար, քանի որ Ucom-ը հանդես է գալիս նոր ռազմավարությունով եւ ներդրումներով։ Nokia-ի եւ MediaKind-ի հետ համագործակցությամբ կխթանենք Հայաստանի տնտեսության աշխուժությունը, այդ թվում նաեւ մարզերում։ Մեզ համար շատ կարեւոր է հատկապես մարզերում 5G ենթակառուցվածքներ ապահովելը։ Հավատալով Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ մեր աշխատակիցների ներուժին՝ շարժվում ենք առաջ բերելու նոր որակ ու տեսլական մեր հաճախորդների համար։ Կարծում եմ՝ Հայաստանում պետք է շարունակել նման ներդրումները»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը։