12:24 | 02.02.24 | Նորություններ | 1353

ԱՏՁՄ համաժողովին ընդունվել է առաջիկա 3 տարվա ռազմավարությունը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը։

Տարեկան համաժողովին տեղի է ունեցել նաեւ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) եւ նախագահի ընտրությունները: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Եսայանը։ Իսկ Սարգիս Կարապետյանը խորհրդի (վարչության) որոշմամբ համաժողովին նշանակվել է ԱՏՁՄ տնօրեն։

Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, եւս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։

«Մեզ համար շատ կարեւոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է։ Այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ՝ հասնելով տպավորիչ արդյունքի․ ԱՏՁՄ անդամ է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է մեր համայնքի ուժի եւ կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու մեր Միությունը եւ որոնք են լինելու մեր առաջնահերթությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը։ ԱՏՁՄ թիմն էլ ոգեւորված է իրականացնել դրական փոփոխություններն ու կարծում եմ՝ մեր համայնքն էլ ավելի ակտիվ է եղել այս տարի բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար»,- ասել է Եսայանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ ներկայացրել է նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական եւ գործառնական զեկույցը, տեղեկացրել, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ:

«Անցանք դժվարություններով, սակայն լուծել ենք բազում խնդիրներ։ Ունենք հաջողություններ եւ կորուստներ: Կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց տեղադրել ենք եւս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ գրանցեինք 2 Դիջիթեք ցուցահանդեսով, աննախադեպ մասնակցություններով, գրանցումներով եւ այցելություններով»,- նշել է Սարգիս Կարապետյանը:
 
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ասել է, որ պետք է ուժերը կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ եւ հիշեցրել վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման կարեւորությունը․

«Այս տարի նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, եւ ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել եւ մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»։
 
«Կան եւ՛ Հայաստանի, եւ՛ դրա սահմաններից դուրս ընկերություններ եւ կազմակերպություններ, որոնք մեծ ներդրում են ունեցել եւ այդ ընկերությունների թվին է դասվում ԱՏՁՄ-ն եւ արժանի է գնահատանքի: Կարեւորում եմ այդ աշխատանքը, որն անում է ԱՏՁՄ-ն: ԲՏԱ նախարարության անունից ուզում եմ ասել, որ դուք մեր կարեւորագույն գործընկերներից եւ հենարաններից մեկն եք, մենք եւս հավակնում ենք նրան, որ լինենք ձեր հենարանը»,- նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նկատել է, որ 2023-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.4%-ի աճում մեծապես նպաստել է նաեւ երկրում ՏՏ ոլորտի արագ զարգացումը։

«Մենք այժմ գտնվում ենք նոր տեխնոլոգիական դարաշրջանի սկզբին։ Արհեստական բանականությունը, որը մեծ թափով թափանցում է մեր կյանք, լինելու է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալի գործոն, որը բերելու է էական փոփոխությունների, այդ թվում՝ տնտեսության եւ տեխնոլոգիական ոլորտներում»,- ասել է Վահան Քերոբյանը։

Հայտնի է ԱՏՁՄ խորհրդի (վարչության) նոր կազմը՝
•    Արտավազդ Մինասյան (Krisp),
•    Արմեն Քոչարյան (VOLO),
•    Իրինա Դումանյան (Siemens Industry),
•    Գեւորգ Սաֆարյան (LimeTech),
•    Արման Աթոյան (iX-Tech),
•    Խաչատուր Նազարյան (VMWare),
•    Սոնա Մամյան (Mamble),
•    Արսեն Բաղդասարյան (DataArt.AM)-ը,
•    Մանուկ Հերգնյան (Granatus Ventures),
•    Գոռ Վարդանյան (FimeTech)։

Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) եւ Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։