14:48 | 28.12.23 | Նորություններ | 2236
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։
Այսուհետ բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնել եւ վաճառել նշված բաժնետոմսերը:
Առաջնային հրապարակային առաջարկի ընթացքում ընկերությունը տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս։ Տեղաբաշխման արդյունքում շուրջ 1000 ներդրող դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։
«Սա պատմական իրադարձություն է Հայաստանի տելեկոմ ոլորտի համար․ առաջին անգամ է, որ հեռահաղորդակցության օպերատորը մուտք է գործում Հայաստանի կապիտալի շուկա՝ ցուցակվելով ֆոնդային բորսայում։ Մեր թիմը կարողացավ իրականացնել նախագիծ, որը տարիներ առաջ շատ հեռուն թվացող միտք էր, իսկ այսօր՝ իրականություն, որը վստահ եմ՝ ակտիվացնելու է մեր երկրի կապիտալի շուկան եւ ձեւավորելու է ներդրումներ կատարելու նոր մշակույթ»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Նման որոշում կայացնելը եւ հետագայում դրա հաջողված իրականացումը պահանջում է խիզախություն եւ պրոֆեսիոնալ իրագործում։ Իրականում հաջողակ են այն ընկերությունները, որոնք չեն վախենում դառնալ հաշվետու հասարակության առջեւ։ Այժմ Team Telecom Armenia-ն հանրային ընկերություն է եւ հասանելի է ներդրողների լայն շերտերին: Հուսով եմ՝ սա կդառնա դրական ազդակ հայաստանյան գործարար միջավայրում, եւ այլ ընկերություններին եւս կդրդի այս եղանակով միջոցներ ներգրավել եւ դառնալ հանրային կարեւորության ընկերություններ»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Team Telecom Armenia-ից հայտնում են, որ ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը եւ միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը եւ այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով բաժնետոմսի ձեռք բերման հայտ: Մանրամասներն՝ այստեղ։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը: