13:14 | 28.12.23 | Նորություններ | 2078
Fastex-ը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում հայկական ժամանակակից արվեստը միջազգային հանրությանը կներկայացվի Fastex-ի նորարարական տեխնոլոգիական լուծումներով:
Fastex-ն աջակցություն կցուցաբերի արտերկրում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին, այդ թվում՝ երաժշտարվեստի, թատերարվեստի, գրքի, մշակութային ցուցահանդեսներին եւ բիեննալեներին Հայաստանի մասնակցությանը, մասնավորապես՝ Վենետիկի, Մալթայի, Լառնակայի եւ Լոնդոնի բիեննալեներին, Պրահայի թատերական ձեւավորման քվադրինալեին, Womex երաժշտարվեստի բիեննալեին, գրքի ցուցահանդես-տոնավաճառներին եւ այլն։
Fastex-ից հայտնել են, որ ընկերությունն իր հնարավորությունների շրջանակում նշյալ ցուցադրություններում նախարարության կողմից ձեւավորվող հայկական տաղավարներում կապահովի նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ներկայացումը եւ այլն:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
«Ստանձնելով այս կարեւոր դերը՝ մենք ձգտում ենք հնարավորինս խթանել Հայաստանի մշակութային կյանքի զարգացումը եւ դրա ներկայացուցիչների գործունեությունը», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը: