12:38 | 27.12.23 | Նորություններ | exclusive 2127

ՀԱՊՀ-90․ նոր ենթակառուցվածքներ Պոլիտեխնիկում՝ PMI Science-ի աջակցությամբ

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մի շարք խորհրդանշական միջոցառումներ էին՝ նվիրված բուհի հոբելյանական 90-ամյակին։

Կայացել է համալսարանի այգու ու «Պոլիտեխնիկ 90» հուշատախտակի հանդիսավոր բացումը, նաեւ մարվել եւ շրջանառության մեջ է դրվել հատուկ ծրար` նվիրված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ» թեմային:

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասել է, որ համալսարանում ստեղծվել են նոր հնարավորություններ տեխնոլոգիական մտքի զարգացման համար․
«Պոլիտեխնիկի պատմության գրքում նոր էջ է գրվում։ Տարվա ընթացքում կատարված աշխատանքները հնարավորություն կտան Պոլիտեխնիկում տեխնոլոգիական կրթության ու գիտական մտքի զարգացման: 90-ամյա մեր գործունեությունն ամփոփելու եւ հատուկ միջոցառում կազմակերպելու տրամաբանությունն այս տարի ծրագրային էինք ձեւակերպել»:

Գոռ Վարդանյանը Գոռ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Պոլիտեխնիկի ռեկտորը, կարեւորելով «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի ներգրավվածությունը համալսարանական կյանքում, նշել է, որ համագործակցությունը ձեւավորվել է տարբեր կիրառական նշանակության խնդիրների շուրջ։

 ««PMI Science»-ը ոլորտում արժեք ստեղծող ու ձեւավորող կառույց է, նաեւ՝ կրթական հետազոտական մտքի կապի տեսակետից։ Մեր համատեղ աշխատանքները նպատակ են հետապնդում էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, քիմիական տեխնոլոգիաների ոլորտում գրանցել նոր հաջողություններ։ Միեւնույն ժամանակ, նրանք մեզ աջակցում են միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրերի ձեռքբերման գործընթացներում, որպեսզի համալսարանն ունենա միջազգային հավատարմագրում եւ դրա արդյունքում կարողանանք մեր դիրքերը բարելավել միջազգային կրթական քարտեզում»,- ասել է Գոռ Վարդանյանը։

 «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանի խոսքով՝ ամեն տարի իրականացվում է 3-4 մլն դոլարի ծրագիր՝ ուղղված գիտական ու ինժեներական էկոհամակարգի զարգացմանը։

Վահե Դանիելյանը Վահե Դանիելյանը
photo © Մեդիամաքս


«Գիտահետազոտական նախագծերի իրականացման համար «PMI Science» կենտրոնում երկու նոր լաբորատորիա ենք վերազինել: Մեկը՝ նյութի տվյալները բացահայտող լաբորատորիա է (Material Characterization), մյուսը՝ աերոզոլային, նյութի քիմիական եւ ֆիզիկական բաղադրությունը բացահայտելու լաբորատորիա (Aerozol Characterization)։ Ծրագրում ենք բացել երրորդը, որը ինժեներական է, այս երեքը միասին օգնելու են մեր գիտական նախագծերի պատվերներն իրականացնելիս, դրանք լրամշակելու, քննարկելու կամ ստուգելու գործում»,- ասել է Վահե Դանիելյանը։

photo © Մեդիամաքս


Լաբորատորիաները բաց են գիտաշխատողների, PHD ուսանողների համար, որոնք բարձր մակարդակի գիտահետազոտական ծրագրեր են իրականացնում։  

Կենտրոնի ղեկավարը համալսարանի այգին եւ ճեմուղու բարեկարգումն ուսանողների համար ճիշտ միջավայր եւ էկոհամակարգ ստեղծող կարեւոր քայլ է որակել.

«Ուսանողների կյանքը հետաքրքիր դարձնելու նպատակ ունենք՝ ստեղծելով միջավայր, որտեղ նրանք կարող են իրենց ընկերների հետ նոր գաղափարներ ու ծրագրեր իրականացնել»:

photo © Մեդիամաքս


Միջոցառման ընթացքում նաեւ մարվել է Համալսարանի 90-ամյակին նվիրված հատուկ ծրար, որի վրա հայերենով եւ անգլերենով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումներ են, ինչպես նաեւ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը: Ծրարի ներքեւի հատվածում համալսարանի տարբերանշանն է:

photo © Մեդիամաքս


Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանը, «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: