15:58 | 05.12.23 | Նորություններ | 1640

12 հայկական ընկերություն Կահիրեում մասնակցում է EDEX 2023 ցուցահանդեսին

Դեկտեմբերի 4-ին Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական եւ անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը։   

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական 12 ընկերություն ցուցահանդեսում «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում է պաշտպանական եւ անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:

ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ցուցադրված արտադրանքին եւ լուծումներին, ինչպես նաեւ շրջել թեմատիկ ցուցասրահներով, որտեղ ներկայացված էին ցամաքում, ծովում եւ օդում կիրառվող պաշտպանական եւ անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումները, սարքավորումները եւ համակարգերը:

Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալ առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատել գործարար կապեր, ձեռք բերել նոր գործընկերներ։

EDEX 2023-ը կարեւոր նախադրյալներ է ստեղծում միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության եւ հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար:  

Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների եւ 35 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին: EDEX-ը պաշտպանության եւ անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը: