15:55 | 04.12.23 | Նորություններ | 1587

Հայտնի են ԱրմՌոբոտիքս 2023-ի հաղթողները

Դեկտեմբերի 3-ին կայացել է ԱրմՌոբոտիքս հայաստանյան 15-րդ առաջնությունը։ Այս տարվա մրցույթի խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում»։

Մրցույթն անցկացվել է 2 տարիքային խմբով՝ կրտսեր եւ ավագ: Մոտ 100 հայտից մրցույթի համար ընտրվել էր 38 թիմ (24 –ը կրտսեր տարիքային խմբում, 14-ն՝ ավագ)։

ԱրմՌոբոտիքս 2023-ի կրտսեր խմբում 3-րդ հորիզոնականը գրավել է Կարմիրգյուղի թիմը (մրցանակը՝ 200 հազար դրամ), 2-րդ տեղը զբաղեցրել է Մարտունու թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականը՝ Այգուտ գյուղի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ)։

Ավագ տարիքային խմբում 3-րդ տեղում Գորիսի թիմն է (մրցանակը՝ 300 հազար դրամ), 2-րդ հորիզոնականում՝ Ներքին Կարմիրաղբյուրի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ), իսկ 1-ին տեղում՝ Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմը (մրցանակը՝ 500 հազար դրամ)։

Գոշի թիմն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ստացել է խրախուսական մրցանակ։

Մրցութային դաշտը Մարս մոլորակի լանդշաֆտի փոքր մակետ էր՝ պայմանական բազաներով, պահեստներով, արեւային պանելներով, ջրային ավազաներով, ալեհավաքային կայաններով։

«ԱրմՌոբոտիքս23 մրցույթն անցել է եզրափակչում հանդես եկող թիմերի հիմնականում բարձր պատրաստության վիճակում։ Կրտսեր տարիքային խմբի թիմերի գերակշռող մեծամասնությունը լուծեց այնպիսի ինժեներական բարդ խնդիրներ, որոնք մի քանի տարի առաջ չէին կարողանում լուծել ավագ տարիքի թիմերը։ 15-րդ հոբելյանական առաջնությունը ցույց տվեց մրցույթի դինամիկ զարգացման միտումները»,- նշել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Ինքս ինժեներ եմ եւ կերազեի փոքր տարիքում նման մրցույթի մասնակցելու հնարավորություն ունենալ, ուստի շնորհակալություն է պետք հայտնել նախ կազմակերպիչներին՝ հիշելով առաջին հերթին Կարեն Վարդանյանին։ Օրերս Կարեն Վարդանյանի 60-ամյակն էր, եւ այս մրցույթը շատ լավ նվեր կլիներ նրա համար՝ որպես իր սկսած գործի շարունակություն։ ԱրմՌոբոտիքսը բաց մրցույթ է, սակայն այս տարի այլ կրթական հաստատություններից ունեինք ընդամենը երկու թիմ, իսկ հետագա տարիներին ամեն ինչ անելու ենք, որ ավելանան այլ թիմեր բացի արմաթցիներից եւ ունենանք նաեւ մասնակիցներ արտերկրից»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիր Արմռոբոտիքսը կազմակերպվում է 2008 թվականից:
Ծրագրի նպատակն է պատանիների շրջանում ռոբոտաշինության եւ ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, ճարտարագիտական մտածելակերպ զարգացնելը։

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ-ն, գործընկերներն են՝ Մերիդիան Էքսպո կենտրոնը, Հայկական Աերոտիեզերական գործակալությունը։