16:39 | 13.11.23 | Նորություններ | 2288

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է ՍոֆթԿոնստրակտ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օրերս այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։

Նախարարն ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, նաեւ այցելել Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Creedrooms-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, բիզնես գործունեությանը, քննարկել նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը եւ դրանց ՏՏ անվտանգությանը վերաբերող հարցեր։

Շրջայցից հետո շնորհանդեսի ձեւաչափով նախարարին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ընդհանուր հայեցակարգը, նշվել է, որ ընկերության 50-ից ավելի պրոդուկտը զարգանում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով:   

Ընկերության տեխնիկական գծով ղեկավար Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ՏՏ անվտանգության զարգացման միտումները, կիբերանվտանգության ոլորտում ընկերությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են կիբերգրոհների հիմնական թիրախները եւ դրանց դեմ պայքարի տեղական լուծումները, որոնց հիմքում հսկայական տվյալների վերլուծությունն օպտիմալացնող մեքենայական ուսուցման ալգորիթմերն են։ Անդրադարձ է եղել նաեւ վստահելի ու անվտանգ թվային էկոհամակարգի ստեղծման գործում կառավարության դերին, որը կենսական նշանակություն ունի ՏՏ անվտանգության համար։

«Սոֆթ Կոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն այժմ առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են՝ շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներով, ավելի քան 10 ապրանքանիշով եւ 16 ներկայացուցչական գրասենյակներով՝ 5 մայրցամաքում։

Ընկերությունները գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության եւ այլ ոլորտներում։
Մանրամասները՝ տեսանյութում: