17:46 | 06.11.23 | Նորություններ | 1928

Սան Ֆրանցիսկոյում կայացել է հայկական ՖԵՄԻՆՆՈ կոնֆերանսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի տեխնոլոգիական կենտրոնում՝ Սան Ֆրանցիսկոյում, կայացել է ՖԵՄԻՆՆՈ-ի առաջին արտագնա կոնֆերանսը։

Սան Ֆրանցիսկոյում ՖԵՄԻՆՆՈ արբանյակ կոնֆերանսի թեման էր «Արհեստական բանականությունը եւ ներառող նորարարությունը», որի շուրջ համախմբվել է 100-ից ավելի հայազգի եւ ամերիկացի մասնագետ ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ նորարար այլ ոլորտներից։

«Երկու տարի շարունակ Հայաստանում ունենալով լուրջ հաջողություն՝ մենք հասկացանք, որ ժամանակն է մեր ստեղծած եզակի բրենդը նաեւ արտահանել ու սկսել համախմբել նաեւ սփյուռքում ու այլազգի համայնքներում նորարարությամբ զբաղվող կանանց ու նրանց աջակցող տղամարդկանց։ Մենք առաջիկայում մեկնարկելու ենք Արցախից բռնի տեղահանված կանանց համար նախատեսված հատուկ «թվային վերակառուցման» ծրագիր, որի համար դրամահավաքը այս օրերին էլ շարունակվում է», - նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Խոսնակների շարքում ՖԵՄԻՆՆՈ-ի կազմակերպիչներին հաջողվել էր ներգրավել Սիլիկոնյան հովտում բավական լուրջ ազդեցություն ունեցող անունների, այդ թվում՝ Twitter/X-ի նախկին ՏՏ ղեկավար, այժմ՝ Emerson Collective-ի գործադիր տնօրեն, ինչպես նաեւ ԹՈՒՄՈ-ի Խորհրդի քարտուղար Րաֆֆի Կրիկորյանին, Meta ընկերության իրավական թիմի ղեկավար Էմանուել Բրիսոյին, արհեստական բանականության սերիական ձեռնարկատեր Դեյվիդ Յանին, Excelerate Global-ի գործադիր տնօրեն Սելինե Կարակային, SADA ընկերության ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանին, Generation She կազմակերպության հիմնադիր Ավնի Բարմենին, հայազգի ճանաչված սերիական նորարար եւ ձեռներեց Զարիկ Բողոսյանին, Հայ կանանց միջազգային ասոցիացիա (AIWA)-ի՝ Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի անդամներին եւ ուրիշների։ Կոնֆերանսի մասնակիցների շարքում էին առաջատար մասնագետներ Google-ից, Slack-ից եւ տեխնոլոգիական ու նորարար այլ ընկերություններից։

Հայաստանում ՖԵՄԻՆՆՈ 2024-ը կկայանա հուլիսի 27-28-ին։