17:38 | 06.11.23 | Նորություններ | 1425
Նոյեմբերի 3-ին ամփոփվել է Հայաստանում առաջին անգամ անցկացված մաթեմատիկայի օլիմպիադան, որին ներկա էին տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, բուհերի եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Օլիմպիադայում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են համապատասխանաբար՝ 1 միլիոն (Վահագն Հովհաննիսյան), 500,000 (Ալեքսանդր Լումկին) եւ 300,000 (Ստեփան Գեւորգյան) ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ:
Ի թիվս դրամական մրցանակների, մի շարք մասնակիցներ օլիմպիադայի գործընկերների կողմից ստացել են այլ մրցանակներ, այդ թվում՝ մինչեւ 70% կրթաթոշակ Armenian Code Academy (ACA)-ի տարբեր կրթական ծրագրերին մասնակցելու համար:
ACA-ն իր հիմնական գործընկեր WorldQuant-ի, գործընկերներ Align Technology-ի, OMD-ի եւ համայնքային գործընկերների հետ համատեղ դեռեւս սեպտեմբերին մեկնարկել էր մաթեմատիկայի օլիմպիադա՝ կարեւորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաեւ նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծել օլիմպիադաների մասնակիցների համար:
Օլիմպիադային մասնակցելու համար դիմել էր ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել են ներկա պահին համալսարանների բոլոր կուրսի ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաեւ վերջին երեք տարում բակալավրի աստիճան ստացած շրջանավարտները։ Բացի տեղական առաջատար բուհերից, դիմորդների մեջ եղել են նաեւ մասնակիցներ միջազգային բուհերից, օրինակ՝ Սկոլկովոյի գիտության եւ տեխնոլոգիայի եւ MIPT - Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտներից, Շանհայի Ցզյաո Տոնգի, Չինաստանի Էլեկտրոնային գիտության եւ տեխնոլոգիայի, Լոնդոնի քաղաքային եւ Վաթերլոյի համալսարաններից:
Օլիմպիադայի տեղեկատվական գործընկերներն են Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (Պոլիտեխնիկ):