13:06 | 30.10.23 | Նորություններ | 1211

X-ը կդառնա ծանոթությունների հարթակ եւ թվային բանկ

Իլոն Մասկը X ընկերությունում (նախկինում Twitter) սոցիալական ցանցը գնելուց մեկ տարի անց հանդիպում է անցկացրել։ Ընկերության երկու աղբյուր Insider-ին հայտնել է, որ հանդիպման ընթացքում հնչել են «տարօրինակ հայտարարություններ»։

Այսպիսով, Մասկն ասել է, որ 2024 թվականին X-ը կդառնա «լիարժեք ծանոթությունների հարթակ»։ Գալիք տարում X-ը նաեւ պետք է սկսի գործել որպես թվային բանկ։

«Փող, արժեթղթեր, ինչ ուզում եք, այդ ամենը կլինի մեր հարթակում: Չեմ խոսում ընկերոջը $20 փոխանցելու մասին: Խոսքն ընդհանրապես բանկային հաշիվների կարիք չունենալու մասին է»,- Մասկի խոսքը մեջբերում է The Verge-ը: Գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն նույնպես խոսել է դրամական շարժի ազատության մասին։

Ըստ Insider-ի՝ դրան ուղղված քայլերից մեկը Նոր Զելանդիայից եւ Ֆիլիպիններից «նոր օգտատերերի» համար 1 դոլարի չափով տարեկան վճարովի բաժանորդագրության ներդրումն է։ Դրանից ստացված եկամուտը դժվար թե բարելավի ընկերության տնտեսական դիրքը, սակայն կտրամադրի ավելի շատ ֆինանսական տվյալներ վճարողների մասին, որոնք կարող են օգտագործվել վճարային գործառույթներ մշակելիս:

X-ն արդեն ստացել է ֆինանսական ծառայությունների լիցենզիա ԱՄՆ ինը նահանգում։ Մասկն ակնկալում է մնացածը կարգավորել «առաջիկա ամիսներին», ասում են The Verge-ի աղբյուրները: Վերջինս նկատել է, որ ձեռներեցը սոցցանցի անվանումը X-ով առանց պատճառի չի փոխել. այդպես էր կոչվում 1999 թվականին իր հիմնադրած ֆինանսական ընկերությունը։

Հանդիպման ժամանակ ընկերության սեփականատերը նաեւ ասել է, որ սոցցանցի վիդեո գործառույթները նույնքան լավն են, որքան YouTube-ինը, ուստի ապագայի մեկ այլ գաղափար է դրանք ինտեգրել Smart TV-ին, Insider-ին ասել է աղբյուրը: Այս ծրագրերի մասին Մասկը նշել է դեռ հունիսին եւ ասել, որ մշակողները աշխատում են մի շարք տեսածառայությունների վրա։

Ձեռնարկատիրոջ հավակնությունները զարմանալի չեն, նշում են լրատվամիջոցները. հենց սկզբից նա ասել է, որ ցանկանում է ստեղծել «սուպերհավելված», որն ունի ամեն ինչ՝ օրինակ բերելով չինական WeChat-ը, որտեղ կարելի է շփվել ընկերների հետ, գնումներ կատարել, ուտելիք պատվիրել, վճարել հաշիվները եւ այլն: