13:08 | 18.10.23 | Նորություններ | 2083
Այս տարի Հայաստանի բնագիտական եւ տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող եւ ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգեւների։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգեւը իրավահաջորդն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի։ Պարգեւի հիմնադրման նախաձեռնողն ու հովանավորն է Սինոփսիս ընկերությունը:
«Սինոփսիսի խելացի ապագայի ռազմավարությունը միտված է նպաստելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտում կրթական եւ այլ ներդրումների միջոցով ապագա ճարտարագետների եւ նորարարների ոգեշնչմանն ու զարգացմանը: ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգեւը այդ նպատակին ծառայող նախաձեռնություններից մեկն է», - ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական եւ գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը։
Այս տարի մրցույթին մասնակցել են 73 աշակերտ Հայաստանի ավագ եւ միջնակարգ դպրոցներից եւ 120 ուսանող Հայաստանի բնագիտական ուղղվածությամբ համալսարաններից։
Մասնակիցները մրցել են հետեւյալ անվանակարգերում՝
Լավագույն ուսանողների համար․
• «Գլխավոր պարգեւ»,
• «Լավագույն ասպիրանտ»` 1-ին եւ 2-րդ կարգ,
• «Լավագույն մագիստրանտ»` 1-ին եւ 2-րդ կարգ,
• «Լավագույն բակալավր»` 1-ին եւ 2-րդ կարգ։
Լավագույն սովորողների համար.
• «Գլխավոր պարգեւ»,
• «Լավագույն աշակերտ»` 1-ին եւ 2-րդ կարգ։
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգեւին է արժանացել 446 ուսանող եւ աշակերտ։