17:04 | 17.10.23 | Նորություններ | 1201

    Հայտնի են SIA Award Armenia 2023-ի հաղթողները

    Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երեւանում կայացել է Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման եւ մրցանակաբաշխության միջոցառումը:

    Ժյուրիի կողմից հաղթող է ճանաչվել երեք մասնակից՝ ստանալով 1500 եվրոյին համարժեք ֆինանսավորում եւ բացառիկ հրավեր՝ այս տարի մասնակցելու Սոցիալական ազդեցության մրցանակաբաշխության ամենամյա գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում:

    Այսպիսով, հաղթողներն են՝

    •    Adapteon
    •    Contests Lab
    •    Gyugh.org
    •    Refill (համայնքային քվեարկության մրցանակի հաղթող)

     «SIA-ն եզակի ծրագիր է, որը խրախուսում է ստեղծագործ եւ նորարար երիտասարդներին՝ ստեղծելու բիզնես մոդել այն սոցիալական մարտահրավերների համար, որոնց բախվում է հասարակությունը։ Կարծում եմ՝ սա ճիշտ ուղի է, որով մենք կարող ենք կառուցել ավելի լավ եւ ավելի բարի աշխարհ», - ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։

    Նշենք, որ 2009 թվականից սկսած՝ ծրագիրը ոգեշնչել եւ աջակցել է երիտասարդ նորարարներին ավելի քան 25 երկրում: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ եւ իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երեւանի հետ համատեղ։