17:33 | 16.10.23 | Նորություններ | 1297

Digitec23-ը համախմբել է 120 ընկերություն, 40-ից ավելի բանախոս

Digitec23-ը համախմբել է 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս:  

Այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսում նորամուծությունները շատ էին։ Տեղում գործում էր վերելակի 1 րոպեանոց ձեւաչափը՝ Elevator Pitch-ը, որտեղ սկսնակները ներկայացել են եւ ստացել ֆինանսավորման հնարավորություն փորձառու հրեշտակ ներդրողներից։ Ամեն ընկերության հիմնադիր իր ընկերությունը ներկայացնելու համար ստացել է մեկական րոպե։ Միջոցառումը կազմակերպել եւ աջակցել է BANA Angels-ը։

photo © ԱՏՁՄ



Այս տարի ԱՏՁՄ-ն 100% ֆինանսավորմամբ աջակցել էր սկսնակ եւ փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը: Վենչուրային հիմնադրամներն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւս ֆինանսավորել էին սկսնակ տեխնոլոգիական թիմերի ներկայությունը ԴիջիԹեքում։

Արցախցի մեր հայրենակիցները ներկայացել են միասնական տաղավարով՝ «Վերածնվում ենք» խորագրով։ Մասնակցել են «Մունք» տեխնոդպրոցը, Bitty կազմակերպությունը եւ BIB ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Դավիթ Գաբրիելյանը եւ նրա եղբայր, վիդեոբլոգեր Տիգրան Գաբրիելյանը պատմել են Արցախից տեղահանման ճանապարհի մասին։

photo © ԱՏՁՄ



18-րդ ԴիջիԹեքում «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում էին հատկապես մեր երկրում առաջացած խնդիրները։ Ներկայացված էին մասնագիտական վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման նախագծեր, ինչպես նաեւ ներկայացել է մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը կկայանա հոկտեմբերի վերջին։

photo © ԱՏՁՄ



«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք մեր երկրի ապագան տեսնում են նաեւ տեխնոլոգիական ոլորտում: Սա միջոցառում է, որտեղ մեր ՏՏ համայնքը կարողանում է հանրությանը եւ գործընկերներին ներկայացնել այն նորությունները, որոնք ստեղծվում են։ Չնայած այս տարի «ԴիջիԹեք»-ը երկրորդ անգամ է անցկացվում, սակայն ընկերությունները շատ նոր բաներ ունեն ցույց տալու: Լիահույս եմ, որ թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները, թե՛ հայկական եւ արտասահմանյան լրատվամիջոցները կտեսնեն այն ներուժը, որն ունի Հայաստանը: Ականատես կլինենք, թե ինչպես են հայկական ընկերությունները տրանսֆորմացնում իրենց լուծումները, ինչպես նաեւ լուծումներ առաջարկում թե՛ մեր շուկայում, թե՛ համաշխարհային շուկայում»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

photo © ԱՏՁՄ



«Ցուցահանդեսն արդեն չափահաս է: «ԴիջիԹեք»-ի օրերին կտեսնենք, որ տեխնոլոգիաներն ամենուր են՝ բժշկությունից մինչեւ ժամանակակից արվեստ, սուրճի վաճառքից մինչեւ ձայնի մշակում՝ արհեստական բանականությամբ, տիեզերական հետազոտություններ։ «ԴիջիԹեք»-ը 18 տարի անցկացվում է՝ ունենալով 3 ուղղությամբ աշխատելու առաքելություն․ հայկական տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներին միմյանց հետ կապելը, տեխնոլոգիաներից դուրս հասարակությանը եւ կառավարական մարմիններում աշխատող մարդկանց ծանոթացնելը տեխնոլոգիական զարգացումներին, միջազգային շուկայում հայկական տեխնոլոգիաները քարտեզի վրա ամրացնելը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

photo © ԱՏՁՄ



«ԴիջիԹեք»-ում տեղի է ունեցել նաեւ «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։ Ելույթներ են ունեցել նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ)։

Armenian Code Academy-ն եւս մասնագիտական սեմինարներ է անցկացրել արցախցի մեր հայրենակիցների համար։ Միջոցառման օրերին հնարավոր է եղել նաեւ փնտրել աշխատատեղեր, մասնակցել Open Mic ֆորմատով տեխոնոլոգիական ելույթներին։

photo © ԱՏՁՄ



ԴիջիԹեքյան օրերին 2 կարեւոր հուշագիր է ստորագրվել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար։ Առաջինը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի միջեւ՝ դպրոցի եւ «Արմաթ» միջեւ կապն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով։

photo © ԱՏՁՄ



Եվս մեկ հուշագիր է ստորագրվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի եւ Արթուր Սարգսյանի միջեւ։ Հուշագրով Արթուր Սարգսյանը, որպես նվիրատվություն, Երեւանի 66 հիմնական դպրոցում կաջակցի նոր «Արմաթ» լաբորատորիա բացելուն։