11:24 | 22.09.23 | Նորություններ | 8144
Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Սամսունգի ինովացիոն կամպուսը, որը Սամսունգ Էլեկտրոնիքսի թեք ոլորտի կրթական ծրագրերից է եւ Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցում, դիմավորել է իր ուսանողների երրորդ սերնդին:
Դասընթացին այս տարի ընդգրկվել է 102 ուսանող Երեւանից, Տավուշի, Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերից:
Կամպուսից հայտնում են, որ 2023-2024 ուսումնական տարվա համար ստացել են ընդամենը 650 հայտ: Թեստը հաջող հանձնել է 211 երեխա, 172 թեկնածու անցել է հարցազրույց: Ընդունելության արդյունքներով 102 սան ներգրավվել է դասընթացին: Սաների 78 տոկոսը տղա է, 22 տոկոսը՝ աղջիկ:
Սամսունգի ինովացիոն կամպուսի սաները կանցնեն իննամսյա նախագծահեն դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից՝
• Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ,
• Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
• Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
• Ալգորիթմներ եւ տվյալների կառուցվածքներ,
• Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:
Դասընթացի ավարտին սաները կներկայացնեն իրենց անհատական նախագծերը, որ մշակելու են օգտագործելով դասընթացի արդյունքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: Նախագծի ներկայացումն ըստ էության դասընթացի ավարտական քննությունն է, որի արդյունքում սաներն ստանում են հավաստագիր: Նախագծերը կգնահատվեն քննական հանձնաժողովի կողմից, որը ներառում է Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներ եւ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: