18:02 | 28.08.23 | Նորություններ | 1106

Հայտնի են Ներուժ 4.0 ծրագրի հաղթողները

Ամփոփվել է օգոստոսի 23-28-ը Դիլիջանում անցկացված Ներուժ 4.0 սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:

Այս տարվա ծրագրով հաղթող թիմերը, որոնք պետք է ստանան դրամաշնորհ Հայաստանում ստարտափ հիմնելու եւ իրենց կողմից ներկայացված գաղափարները կյանքի կոչելու նպատակով, որոշվել են երկու մակարդակում՝ գաղափարի փուլում գտնվող եւ պրոդուկտ ունեցող թիմեր:

Գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրել է Propulsion Lab-ը, 2-րդ տեղը` Dynamica-ն, 3-րդ տեղը` Maestrolls-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող է ճանաչվել Waveye Inc ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրել է Parsl.ai-ը, 3-րդ տեղը` OQNI ընկերությունը։

Նշենք նաեւ, որ ծրագրի մասնակիցներից Starship Armenia եւ Tripanova թիմերը համապատասխանաբար 3000 եւ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ են ստացել Rocket Systems ընկերության կողմից, իսկ Dynamica եւ OQNI ընկերությունները խորհրդատվական աջակցություն կստանան Saege Consultants ընկերության կողմից՝ հանրային կապերի ռազմավարություն գրելու հարցում:

Ներուժ 4.0 ծրագրին մասնակցել է 22 թիմ աշխարհի 7 երկրից: Վեցօրյա միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ժամանած թիմերը հնարավորություն են ունեցել լսելու ոլորտային բացառիկ դասախոսություններ, աշխատելու մենտորների հետ: Նրանք նաեւ հնարավորություն են ստացել ընդլայնելու իրենց համագործակցային ցանցը, փոխանակվելու գիտելիքներով եւ փորձով, ինչպես նաեւ շփվելու աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թիմերի հետ։