14:57 | 07.08.23 | Նորություններ | 1984

ԱՏՁՄ-ի նորամուտը համախմբել է ՏՏ ներկայացուցիչներին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության թիմը նշել է իր նորամուտը COWO Meridian-ում։

Գրասենյակի նորամուտի միջոցառմանը հյուրընկալվել էին տեխնոլոգիական ոլորտի 20-ից ավելի ընկերություն, ԱՏՁՄ վարչության անդամներ, ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, տեխնոլոգիաներով հետաքրքրված հյուրեր։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը տեխնոլոգիական համայնքին պատմել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «ԻննոԻջեւան», «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախագծերի մասին, ինչպես նաեւ ներկայացրել տարվա ամենասպասված տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ Դիջիթեքի մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը։

«Digitec-ն ամեն տարի մոտ 80 000 այցելու ունի, որոնք գալիս են ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին: Այս տարի ցույց ենք տալու, որ տեխնոլոգիաներն ամենուր են։ Այս տարի ցուցահանդեսին կլինեն նաեւ միջազգային թոփ մեդիաներ, որոնց շնորհիվ կկարողանանք համաշխարհային շուկային ծանոթացնել մեր տեխնոլոգիական համայնքի պրոգրեսի հետ»,-նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ապա՝ ավելացրել, որ մեր դռները միշտ բաց են տեխնոլոգիական համայնքի առաջ։

Նորամուտի միջոցառմանը նախորդել էր նաեւ սարքավորումներ մշակող (hardware) ընկերությունների փակ քննարկում։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։  

Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության եւ մասնավոր, միջազգային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջեւան նորարարական կենտրոնը։