17:06 | 10.07.23 | Հոդվածներ | exclusive 3157

Թաթուլ Աջամյանի SleepDoctor-ը պայքարում է անքնության դեմ

Wakie-ի համահիմնադիր Թաթուլ Աջամյանը հիմնել է նոր ստարտափ, որը նորարական լուծումներով օգնում է քնի խանգարում ունեցող մարդկանց կարգավորել այդ խնդիրը եւ ուղեկցել խնամքի ամբողջ ընթացքում։

SleepDoctor-ի մշակած պրոդուկտն արդեն մեծ տարածում ունի Ֆրանսիայում, իսկ Եվրոպայում առաջատար դիրքում է իր ոլորտում։ Այն արդեն ներդրումներ է ստացել հրեշտակ ներդրողներից եւ հայկական վենչուրային ֆոնդերից։

Թաթուլը iTel.am-ին պատմել է նոր ստարտափի ստեղծման, աշխատանքի ու տեսլականի մասին։

Գաղափարը եւ հիմնադրումը

Իմ հիմնական կենտրոնացումը տարիներ շարունակ Waikie-ն է եղել։ SleepDoctor-ի համահիմնադրին՝ Արմեն Վերդյանին հանդիպել եմ դեռեւս 2008 թվականին Չիկագոյում։ Այդ ժամանակվանից ընկերացել ենք։ Այս տարիների ընթացքում հաճախ խոսում էինք բիզնեսի, կյանքի, Հայաստանի մասին, քննարկում մեր պլաններն ու ծրագրերը։ Արմենը նաեւ Waikie-ի ներդրողներից մեկն է։ Նա ձեռնարկատեր է եւ առողջապահության ոլորտում ընկերություն է հիմնել։ Միասին բիզնես անելու փորձ արդեն ունեինք եւ որոշեցինք միասին ստեղծել healthtech ստարտափ՝ SleepDoctor-ը։ Ես տեխնոլոգիական ուղղությամբ եմ պատասխանատու, ինքը՝ բիզնեսի զարգացման։

photo © Մեդիամաքս



Մարդու առողջության համար ամենակարեւոր բաղադրիչներից մեկն առողջ քունն է ու դա, կարելի է ասել, մարդու սուպեր ուժն է։ Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտում տեղեկացվածությունը բավականին բարձրացել է ու շատ միաեղջյուր ընկերություններ են հայտնվել այդ ոլորտում, իսկ քնելու ուղղությամբ աշխատող ընկերություններն այդքան էլ շատ չեն։ Ուսումնասիրեցինք շուկան ու հասկացանք, որ քնի առողջության մեջ ներդրումներն առաջիկա 5 տարիներին աճելու են, ու որոշեցինք զբաղվել այդ խնդրով։

SleepDoctor-ի տեսլականն ու քնի խնդիրները

Մեր տեսլականը քնի ամբողջական կլինիկա մշակելն է, որը մարդու ողջ կյանքի ընթացքում խնամք կապահովի։ Այսինքն՝ միանալով մեր կայքին կամ հավելվածին՝ օգտատերն իր բոլոր հարցերի պատասխանները կստանա, կներկայացնի սիմպտոմները, առցանց կոնսուլտացիա կանցնի բժշկի մոտ, տանը ապարատ կստանա, կստուգի քնի որակը եւ այլն։

Աշխարհում քնելու հիմնախնդիրներից մեկն անքնությունն է, որով տառապում են միլիոնավոր մարդիկ։ Եվրոպայում մարդկանց 30%-ն անքնությամբ է տառապում, որից 10%-ը` քրոնիկ։ Սա շատ է ազդում կյանքի որակի վրա։ Երկրորդ ամենատարածված հիվանդությունը քնի ապնոէն է (sleep apnea)։ Այս խնդիրն ունեցող մարդկանց 80%-ն ախտորոշված չէ։ Բուժումն առկա է, սակայն խնդիրն այն հայտնաբերելն է։

photo © Մեդիամաքս



Քնի ապնոէի ժամանակ քնի ընթացքում պարբերաբար կոկորդը փակվում է ու մոտ 10 վայրկյան մարդը չի շնչում, արդյունքում ուղեղը ստիպված է լինում արթնանալ եւ բացել կոկորդը, սա համարվում է միկրո արթնացում եւ մարդը դա չի հիշում։ Ստացվում է, որ գիշերվա ընթացքում մարդը մի քանի անգամ վեր է կացել, բայց դրա մասին չի հիշում։ Արդյունքում, առավոտյան եւ օրվա ընթացքում հոգնածություն է զգում, վատ տրամադրություն, գլխացավեր է ունենում, գիրանում է եւ այլն։

Ինչպե՞ս է աշխատում SleepDoctor-ը

Եթե առաջ ախտորոշումը տեւում էր երկար՝ մինչեւ 5 ամիս, ապա հիմա դա կարող է կատարվել տանը 4 շաբաթվա ընթացքում։ Օգտատերը մտնում է մեր կայք, անցնում 2 րոպե տեւողությամբ թեստ, որից հետո որոշվում է նրա ռիսկայնության գոտին։ Ըստ թեստի արդյունքի որոշվում է հետագա ընթացքը։ Բարձր ռիսկայնության գոտում գտնվողները բժշկի խորհրդատվություն են ստանում, որից հետո, անհրաժեշտության դեպքում, պոլիսոմնոգրաֆիայի ապարատ (home sleep test) ենք առաքում օգտատիրոջը, որը ուղեղի ակտիվությունն է ստուգում։ Ախտորոշման ու բուժման համար առանձին եւ տարբեր ձեւով աշխատող սարքեր կան։ Մենք hardware-ագնոստիկ ստարտափ ենք ու կարող ենք աշխատել շուկայում առկա լավագույն սարքավորումների հետ։

Թաթուլ Աջամյանը Թաթուլ Աջամյանը
photo © Մեդիամաքս



Մյուս կողմից, մեր հարթակում գրանցվում են բուժաշխատողները, բժիշկները։ Նրանք էլ համակարգված տեսնում են թեստերի պատասխանները, ապարատ առաքելու խնդրից ազատվում են, նաեւ մի շարք այլ գործընթացներ ենք հեշտացրել նրանց համար։

Ներկայում 12 բժիշկ է աշխատում, մոտ 55 հազար պացիենտ անցել է հարցումը։

Ներդրումներն ու աքսելերացիոն ծրագրերը

Սկզբում համահիմնադիրներով ենք ֆինանսավորել նախագիծը, հետո՝ նախասաղմնային փուլում 700 հազար ենք ներգրավել տարբեր ներդրողներից, հիմնական մասը՝ բիզնես հրեշտակներից, նաեւ հայկական BigStory վենչուրային ֆոնդից։ Հիմա նոր սաղմնային ներդրումային փուլում ենք, բանակցություններ ենք վարում։

Թաթուլ Աջամյանը Թաթուլ Աջամյանը
photo © Մեդիամաքս



Անցել ենք Ֆրանսիայում ամենալավ աքսելերացիոն ծրագրերից մեկը՝ HEC Paris-ը, որը գտնվում է Station F համայնքում։ Այն նախկինում կայարան է եղել, որը հիմա դարձել է ստարտափների տուն ու նորարական հաբ։

Հիմնական շուկան Ֆրանսիայում է, որտեղ նման խնդիր լուծող առաջին ընկերությունն ենք։ Մեզանից հետո ստեղծվել են կրկնօրինակներ։ Եվրոպայում, կարելի է ասել, առաջատար դիրքում ենք։ ԱՄՆ-ում արդեն կան նման խնդրով զբաղվող ընկերություններ եւ այդ շուկա դեռ չենք մտնում։  

Թիմը

Մեր գլխավոր գրասենյակն ու բիզնես զարգացման թիմը գտնվում է Փարիզում, իսկ մշակողների ու ինժեներների թիմը Հայաստանում է՝ Երեւանում։ Պրոդուկտը ստեղծում ենք այստեղ, տարածում՝ Ֆրանսիայում։ Թիմում 12 հոգի ենք։

photo © Մեդիամաքս



Նախատեսում ենք մոբայլ հավելվածներ մշակել iOS եւ Android համակարգերի համար ու մոբայլ ծրագրավորողների ու դիզայներների ենք ներգրավում։ Ֆրանսիայում առողջապահության ոլորտի մասնագետների կարիք ունենք։ Հայաստանի թիմում գրեթե բոլորը սկսել են ֆրանսերեն սովորել։ Սա լավ նշան է, քանի որ ապահովում է անընդհատ սովորելու օղակը։ Թիմի անդամները հաճախ գործուղվում են Ֆրանսիա, այնտեղի մեր թիմակիցներն էլ գալիս են Հայաստան եւ միասին աշխատում։ Մշակութային տարբերությունները փորձում ենք դրական ձեւով օգտագործել ու շատ ենք միմյանցից սովորում։  

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան