11:39 | 07.07.23 | Նորություններ | 1599

Twitter-ը սպառնում է Meta-ին դատի տալ

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին՝ մեղադրելով առեւտրային գաղտնիքներ գողանալու համար:

Twitter-ի փաստաբան Ալեքս Սպիրոն Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին նամակ է ուղարկել, որում սպառնում է դատի տալ ընկերությանը Twitter-ի կրկնօրինակն ստեղծելու համար։ Նամակը հրապարկել է Semafor-ը։

Ընկերությունը մեղադրել է Threads-ի ստեղծողներին Twitter-ի «առեւտրային գաղտնիքների եւ այլ մտավոր սեփականության անօրինական օգտագործման» համար։

Նամակում ասվում է, որ Meta-ն իբր որսագողության է ենթարկել սոցցանցի աշխատակիցներին, ովքեր հասանելիություն են ունեցել առեւտրային գաղտնիքներին, եւ նրանց հանձնարարել է ստեղծել Twitter-ի «կլոն» կամ գոնե արագացնել նման հավելվածի մշակումը:

Meta-ն դեռ չի մեկնաբանել սա։ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նույնպես դեռ չի մեկնաբանել Threads-ի գործարկումը։ Սակայն սոցցանցի գործադիր տնօրեն Լինդա Իակարինոն հրապարակել է գրառում, որում նշել է, որ Twitter-ին հաճախ են նմանակում, բայց նման այլ համայնք չկա որեւէ այլ տեղ։



Նշենք, որ հուլիսի 6-ի գիշերը օգտատերերի համար հասանելի դարձավ Threads հավելվածը՝ Twitter-ի անալոգը։ Ըստ Մարկ Ցուկերբերգի՝ առաջին չորս ժամում նոր հարթակում գրանցվել է 5 միլիոն օգտատեր, յոթ ժամում՝ ավելի քան 10 միլիոն:

Ծառայության գործարկումից հետո Ցուկերբերգը Twitter-ում հրապարակել է իր առաջին հաղորդագրությունը 2012 թվականից ի վեր։ Նա սարդ-մարդու մեմ է տեղադրել, որը հավանաբար վերաբերում է երկու ծառայությունների նմանությանը։ Հնարավոր է, որ գործարարը ցանկացել է ծաղրել Իլոն Մասկին։