13:21 | 06.06.23 | Նորություններ | 5898
Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման եւ հզորացման աշխատանքներ Երեւանում եւ մարզերում:
2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաեւ՝ 258 4G/LTE նոր կայան:
Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին:
2023թ. առաջին եռամսյակի դրությամբ մեկ բաժանորդին բաժին ընկնող զանգի տեւողության առումով եւս Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է (MOU): 2022թ. առաջին եռամսյակի համեմատությամբ զգալիորեն աճել է նաեւ ամսական կտրվածքով մեկ բաժանորդի կողմից սպառված բջջային ինտերնետի (բջջային հեռախոսով) ծավալը (39%): Մեծ պահանջարկ են վայելում Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող թվային ծառայությունները, ներառյալ բազմապիսի հավելվածները՝ նախատեսված ֆինանսների կառավարման, ժամանցի, կրթության, առողջ ապրելակերպի համար:
«Վերջերս առաջինը Հայաստանում գործարկեցինք 5G ցանց՝ որպես թվայնացման կարեւոր նախապայման: Մեզ համար շարունակում է ռազմավարական կարեւորություն ներկայացնել 3G/4G ցանցերի զարգացումը, նոր կայանների տեղադրումը հատկապես մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում: Այս աշխատանքները ներառում են ցանցերի թե՛ ընդլայնում եւ թե՛ հզորությունների ավելացում: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինչպես նաեւ էլ ավելի բարձրացնել ձայնային ծառայությունների որակը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արեւային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող 13 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ՝ արեւային ֆոտովոլտային կայաններ եւ կուտակիչ մարտկոցներ:
«Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլեւ հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը: Վիվա-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է»,- ասված է հաղորդագրությունում: