12:15 | 05.06.23 | Նորություններ | 5263

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել համայնքների զարգացման ծրագրերին

Ավելի քան 17 տարի Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանի տարբեր մարզերում շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացնում:

400 հա հողատարածքում շուրջ 13 տարի առաջ ստեղծվել է հատուկ պահպանվող, մասնավոր հիմունքներով գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որն առաջինն է Հարավային Կովկասում: Այժմ ապաստարանի տարածքը 20 հազար հեկտար է: Այստեղ տարեցտարի արձանագրվում է տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ:

Ճշգրիտ հաշվարկների եւ թիրախային աշխատանքի արդյունքում այստեղ ստեղծվել է անտառակայան, էնդեմիկ ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի կենդանիների կենտրոն, կենդանաբուժական կլինիկա, Էկոկրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկոտուրիզմի զարգացման համար:

Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումն է ունեցել նաեւ արջերի փրկության ծրագրում: Բենզալցակայաններին, ռեստորանային համալիրներին կից տարածքներում անազատության մեջ պահվող արջերը տեղափոխվել են կարանտինային նախապահման կայան: Որոշ դեպքերում Վայրի բնության փրկարար կենտրոնին նաեւ հաջողվել է վերականգնման փուլն անցած քոթոթներին վերադարձնել վայրի բնություն։ Տարիների ընթացքում հաջողվել է փրկել շուրջ 40 արջ: Իսկ բնակավայրերում սնունդ հայթայթելու համար հայտնված արջերից ֆերմերային տնտեսությունները պաշտպանում են մեկ այլ ծրագրով: Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն արեւային էներգիայով սնուցվող էլեկտրական «հովիվներ» են տրամադրել Արարատի եւ Վայոց ձորի  համայնքներին:

FPWC-ն տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տնկել է շուրջ 350 000 ծառ, որում Վիվա-ՄՏՍ-ը եւս ունի իր մասնաբաժինը։

Գործընկերները նպաստում են նաեւ մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ձգտելով մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Կարեւոր է համարվում էներգախնայող LED լուսավորության համակարգերի գործարկումը:

Պարբերաբար աջակցելով FPWC-ի բնապահպանական նախագծերին՝ Վիվա-ՄՏՍ-ը կիսում է նրանց գաղափարները՝ պահպանել Հայաստանի հարուստ բնությունն ապագա սերունդների համար եւ ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը։