09:22 | 01.06.23 | Նորություններ | 15171

Team-ը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության օպերատոր SkyTel-ի 30%-ը:

Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության եւ անվտանգության մակարդակը, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցությունների ու մեր առկա ներուժի մեծացման համար։ Այս գործարքը Հայաստանն է՛լ ավելի հուսալի եւ անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,- ասել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

«Ի դեմս նոր համասեփականատիրոջ՝ SkyTel-ը ձեռք է բերել փորձառու եւ ուժեղ գործընկեր: Team-ի գիտելիքների եւ փորձի, ինչպես նաեւ ընկերությունում մասնակցության շնորհիվ, մենք ակտիվորեն կզարգացնենք օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայությունը։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի եւս 220-400 բնակավայրերում»,- նշել է SkyTel-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին։

SkyTel-ը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Ըստ Վրաստանի հաղորդակցությունների ազգային կոմիտեի (GMCC), Վրաստանի երեք խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է։ SkyTel-ի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը գերազանցում է 6000 կմ-ը, իսկ անլար ինտերնետի բազային կայանների թիվը 1200 է։ Ընկերությունը մոտ 70 000 բաժանորդին տրամադրում է ինտերնետ եւ IPTV թվային հեռուստատեսության ծառայություններ:

SkyTel-ի ամրակցված եւ անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2 200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։