17:13 | 31.05.23 | Նորություններ | 2988

Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական Instigate Semiconductor-ը

Միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology-ն, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար, ձեռք է բերել հայկական Instigate Semiconductor ընկերությունը՝ բացելով իր հայաստանյան մասնաճյուղը։

Ընկերությունից հայտնում են, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր Instigate Semiconductor ընկերությունը, որն Instigate ընկերությունների խմբի անդամ է եւ հիմնական գործունեության շրջանակը Microchip ընկերության պատվերով EDA ոլորտի նախագծերի իրականացումն է։

«Համագործակցության շրջանակը պետք է լիներ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման EDA ոլորտը՝ գլխավորապես FPGA-ների նախագծումն ու մշակումը։ 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես ձեւակերպվեց եւ հիմնվեց «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» (Instigate Semiconductor) ընկերությունը՝ ժառանգելով ինստիգեյթական արժեհամակարգը, մշակույթը եւ գործելաոճը», - նշել է «Մայքրոչիպի» Հայաստանյան գրասենյակի ինժեներական թիմի ղեկավար Անի Սաֆարյանը։

Instigate Semiconductor-ը մասնաճյուղերն էր բացել մարզերում Վանաձորում, Գյումրիում եւ Իջեւանում։ Կնքված պայմանագրով, բաժնետոմսերի 100%-ը ձեռք է բերել Microchip-ը։ Մոտակա տարիներին Microchip-ը պլանավորում է ընդլայնվել Application Engineering, Customer Support, Embedded Systems Programming, IP Verification ուղղություններով։