12:08 | 23.05.23 | Նորություններ | 4793

ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հայկական հարթակը՝ Orion Summit 2023-ում

Ներդրումային քրաուդֆանդինգի հայկական ԱՌՖԻ հարթակը, ինչպես նաեւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, կներկայացվեն Orion Summit 2023 գագաթնաժողովում:

Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին Նյու Յորքում, որին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների ներկայացուցիչներ, ներդրողներ:

Գագաթնաժողովի մասնակից ստարտափների ներկայացուցիչները եւ ներդրողները հնարավորություն կունենան հենց միջոցառման ընթացքում գրանցվել հարթակում:

«Մեր նպատակն է հայկական ՓՄՁ-ների եւ ՏՏ ստարտափ նախագծերի համար ֆինանսավորման նոր աղբյուրներ ապահովել, իսկ ներդրողներին հնարավորություն ընձեռել աշխարհի ցանկացած կետից ամբողջությամբ օնլայն միջավայրում ներդնել այդ նախագծերում։ Մեր հիմնական թիրախը սփյուռքի պոտենցիալը ներգրավելն է, եւ այստեղ Orion Summit 2023-ը լավ հնարավորություն է նաեւ միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի` ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն է: Ներդրումային քրաուդֆանդինգի այս հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում: Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ ԿԲ կողմից:

Orion Summit 2023-ին մասնակցության համար կարելի է գրանցվել այստեղ: